ԱՄՆ հատուկ ծառայությունները կոտրել են «Աերոֆլոտի» և «Ալ Ջազիրայի» համակարգերը. Spiegel

ԱՄՆ ազգային անվտանգության ծառայությունը կոտրել է ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության ամրագրման և արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի ներքին հաղորդակցությունների համակարգերը, հաղորդում է գերմանական Spiegel պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզականվարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի փոխանցած փաստաթղթերը:

Ինչպես պնդում է պարբերականը, այս գործողությունների մասին վկայում են 2006թ. մարտի 23-ով թվագրված փաստաթղթերը:

Spiegel-ի տվյալների համաձայն՝ «Աերոֆլոտի» և «Ալ Ջազիրայի» համակարգերի կոտրման գործողությունները փաստաթղթերում նկարագրվում են իբրև՝ «զգալի հաջողություն», սակայն չի նշվում՝ արդյոք ամերիկյան հատուկ ծառայությունները շարունակում են հետևել այս ընկերություններին:

Հատկանշական է, որ Սնոուդենի կողմից բացահայտված փաստաթղթերը առաջին անգամ վկայում են լրագրողներին հետևելու մասին:

Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը միջազգային ճանաչվածություն ստացավ ամերիկյան հատուկ ծառայությունների մասին գաղտնի տեղեկությունների հրապարակումից հետո։ ԱՄՆ-ը հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ և ձգտում է հասնել նրա արտահանձնմանը։ Հայրենիքում Սնոուդենին մեղադրում են լրտեսության մեջ։ Օգոստոսի 1-ին ԿՀՎ նախկին աշխատակիցը Ռուսաստանի տարածքում մեկ տարի ժամկետով ժամանակավոր ապաստան ստանալու մասին հավաստագիր ստացավ։

Մեկնաբանել