Սեպտեմբերի 2-ի խորհուրդը

Կարևորագույն խնդիրը, որ պետք է հիշվի սեպտեմբերի 2-ին, ոչ թե Արցախի միջազգային ճանաչման կամ չճանաչման հարցն է, այլ՝ Արցախի վերաբնակեցման խնդիրը:

Սեպտեմբերի 2-ին Արցախում նշվում է ԼՂՀ հռչակման օրը: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների՝ բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ Ստեփանակերտում տեղի ունեցած համատեղ նստաշրջանում որոշվեց հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքներում: Այս նույն տարածքներով 1988թ. պատգամավորները որոշել էին միավորվել Խորհրդային Հայաստանի հետ: 1991թ. օգոստոսին Ադրբեջանում ընդունված «1918-1920 թթ. պետական անկախության վերականգնման» մասին հռչակագիրը արցախահայությանը դրդեց բռնել անկախ պետություն ստեղծելու ուղին՝ անկախության ճանաչումից հետո ՀՀ-ին միանալու երազանքով: ԼՂՀ անկախության հռչակագիրն ամրապնդվեց 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով:

Արցախյան պատերազմն ավելի քան կրկնապատկեց 1991թ. հռչակված ԼՂՀ տարածքը: Ցավոք, ԼՂՀ անբաժանելի մաս համարվող Շահումյանի շրջանը մինչ այսօր օկուպացված է մնում ադրբեջանցիների կողմից: Ադրբեջանական ագրեսիան կանխելու ժամանակ ձեռք բերած տարածքների ճակատագրի մասին հեղհեղուկ հիշատակում կա 2006թ. հանրաքվեով ընդունված Սահամանդրության 142-րդ հոդվածում՝ «մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի

ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային

իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»:

Ստեփանակերտում և Երևանում մեծանում է այն գործիչների թիվը, որոնք աներկբա ընդունում են Արցախը որպես Հայաստանի մաս և դեմ են հանդես գալիս ԼՂՀ անկախության ճանաչմանը: Մի ստվար զանգված էլ ՀՀ-ի հետ միավորումը տեսնում է ԼՂՀ անկախության ճանաչման միջոցով, ինչը բխում է առկա վիճակից և հաստատված է ԼՂՀ բնակչության կամքով (1991թ. դեկտեմբերյան հանրաքվեով):

Իրականում երկու խմբերն էլ միավորման կողմնակից են, մեկը՝ անվերապահ միավորման, մյուսը՝ ԼՂՀ միջազգային ճանաչմամբ միավորման:

Անվերապահ միավորման կողմնակիցները մտահոգություններ ունեն, որ Արցախի միջազգային ճանաչմամբ այստեղ կարող է նոր ազգ առաջանալ, ինչպես, օրնակ, Մոնտենեգրոյում: ԼՂՀ միջազգային ճանաչման կողմնակիցներն այդպիսի խնդիր չեն տեսնում:

Թերևս պետք չէ լուրջ հակադրություններ, առավել ևս՝ թշնամանք փնտրել այս երկու տեսակետների միջև: ժամանակակից քաղաքական գրականության մեջ ազգը սահմանվում է որպես քաղաքական սահմաններ ունեցող ժողովուրդ, ազգի հիմքում դրված է քաղաքացիության ինստիտուտը, այնինչ մեր հասարակությունում ազգի ընկալումներում կարևոր տեղ է տրվում էթնիկական սկզբին: Կարևոր պայման է նաև, որ Արցախի բոլոր բնակիչները հանդիսանում են ՀՀ քաղաքացի, երկու հայկական հանրապետությունների տարածքում գործում է միասնական կրթական համակարգ (կարևոր պայման քաղաքացու ձևավորման համար), միասնական ռազմական կառույցն է ապահովում սահմանների անվտանգությունը և այլն: Հետևաբար, պետք չէ անհանգստանալ, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը կբերի նոր ազգի առաջացման:

Կարևորագույն խնդիրը, որ պետք է հիշվի սեպտեմբերի 2-ին, ոչ թե Արցախի միջազգային ճանաչման կամ չճանաչման հարցն է, այլ՝ Արցախի վերաբնակեցման խնդիրը: Թերբնակեցված շրջաններն ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում մեր անվտանգությանը և տարածաշրջանում հաջողակ լինելուն: Սեպտեմբերի 2-ը պետք է լինի վերաբնակեցման մասին խորհելու օրը, և եթե քննարկումները մի երիտասարդ ընտանիքի համոզեն հաստատվել Արցախի թերբնակեցված շրջաններում, ավելի մեծ գործ կլինի, քան միավորման ու ճանաչման մասին անօգուտ քննարկումները: