ԱՊԼ-ն Սիրիայի իշխանությունների դեմ գործողությունների իրականացման կոչ է արել

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը կոչ է արել իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները Սիրիայի իշխանությունների դեմ, որոնց ԱՊԼ-ն պատասխանատու է համարում քիմիական զենքի կիրառման համար, հաղորդում է BBC-ն:

Սեպտեմբերի 1-ին Կահիրեում ԱՊԼ արտգործնախարարների հանդիպման ավարտին ընդունված բանաձևը «հանցագործության մեղավորների դեմ բոլոր անհրաժեշտ միջոցառումների և զսպիչ քայլերի իրականացման» կոչ է պարունակում:    Բանաձևին չեն միացել Եգիպտոսը, Իրաքը, Լիբանանը և Թունիսը:

Փաստաթղթում նշվում է, որ նրանք, ովքեր մեղավոր են թունավոր նյութերի կիրառման համար, պետք է հանձնվեն միջազգային դատարան որպես ռազմական հանցագործներ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու համար Կոնգրեսի համաձայնությունը ստանալու մտադրության մասին: