Մենք լի ենք վճռականությամբ ու հաստատակամությամբ միասնաբար լուծելու բոլոր խնդիրները.Բակո Սահակյանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ:

Ուղերձի մեջ, մասնավորապես,ասված է. «Սիրելի հայրենակիցներ, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա առթիվ:

Սա այն կարևորագույն պետական տոնն է, որը մենք ավանդաբար նշում ենք խորին հպարտության ու պատասխանատվության զգացումով համակված: Հպարտություն` իր ազատությունն ու անկախությունը քաջ զավակների արյամբ նվաճած և այժմ էլ ապագան սեփական ձեռքերով կերտող մեր հերոսական ժողովրդի համար: Պատասխանատվություն` մեծագույն զոհողությունների գնով ձեռք բերած պետականությունն օր օրի ամրապնդելու, հայրենի հողը շենացնելու, սերունդներին ուժեղ ու զարգացած հայրենիք թողնելու համար:

Մենք լի ենք վճռականությամբ ու հաստատակամությամբ` հաջողությամբ ու միասնաբար լուծելու այս բոլոր խնդիրները, լուծելու ամենօրյա համատեղ ու քրտնաջան աշխատանքի միջոցով, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների գործուն աջակցությամբ:

Այս տոնական օրը մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք, զորացում ու բարգավաճում` Արցախի Հանրապետությանը»:

Մեկնաբանել