Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության տոնի առթիվ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության առթիվ:

Ուղերձի մեջ, մասնավորապես, ասված է.«Սիրելի ՛ արցախցիներ, 22 տարի առաջ Արցախի ժողովրդի կողմից կայացված որոշումը պատմական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Արցախի Հանրապետությունը կոփվեց պարտադրված պատերազմում տարած հաղթանակներում և այս տարիների ընթացքում ապացուցեց իր կենսունակությունը` հանդիսանալով հայության միասնության խորհրդանիշն ու մեր ազգային արժանապատվության պաշտպանության մարմնավորումը: Արցախը կարողացավ հաղթահարել սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած բարդությունները, ստեղծել ու կայացնել պետական ինստիտուտներ, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման համար բարենպաստ պայմաններ, տնտեսական ներուժի արդյունավետ իրացման հնարավորություններ:

Եվ այսօր մենք վստահորեն կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է` ժողովրդավարական կառավարման համակարգով և զարգացման մեծ ներուժով: Թշնամական բանակներն ու մահաբեր հրթիռներն իրենց նպատակին չհասան, քանզի աշխատասեր ու արդարամիտ արցախցին մինչև հաղթական ավարտը պայքարեց հանուն Հայրենիքի, հանուն ազատության: Ավերված քաղաքները, գյուղերը, դպրոցներն ու ենթակառուցվածքներն այլևս անցյալում են: Ազատ Արցախն այսօր վերակառուցման փուլից թևակոխել է զարգացման փուլ:

Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք ականատեսը լինել ժամանակին պատերազմ սանձազերծած և դրա արդյունքում պարտված թշնամու հոխորտանքներին ու սպառնալիքներին: Անշեղորեն շարունակում ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայաֆոբիան պետական մակարդակով քարոզողների քաղաքականության վրա և նորից շեշտում` պատերազմ չենք ուզում, սակայն պատերազմից չենք վախենում:

Սիրելի՛ արցախցիներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ անկախության տոնի կապակցությամբ: Այսօր բոլորիս համար փառավոր օր է, խաղաղություն և բարօրություն եմ մաղթում ձեր ընտանիքներին:

Կեցցե՛ ազատագրված Արցախը»: