Սյունիքի մարզում մեկնարկել է «Ժառանգության» թեկնածուի քարոզարշավը

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 1-ին մեկնարկել է «Ժառանգության» կողմից առաջադրված Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը, հաղորդում են «Ժառանգության» մամուլի ծառայությունից:

Այն սկիզբ է առել Կապանի Գարեգին Նժդեհի անվան հուշահամալիրի մոտից: 

Թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգության» նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Դավիթ Հակոբյանը նշել է, որ ընտրելով այս վայրը, ցանկանում են շեշտել, որ Սյունիքը համարում են Հայաստանի Հանրապետության ողնաշարը և Արցախի թիկունքը, և պարտավոր են այն պաշտպանել՝ ապավինելով սեփական ուժերին, ինչպես պատգամել է մեծն Նժդեհը. «…սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ»: Ներկա իրավիճակի հրամայականի թելադրանքով «ժառանգականներն» ուխտեցին պայքարել հանուն ժողովրդավար, ուժեղ և բարեկեցիկ Հայաստանի:

«Հենց այնպես չընտրեցինք այս վայրը, շատ ենք կարևորում այն ամենը, ինչը մեզ փոխանցվել է մեր պապերից՝ որպես պատգամ: Նժդեհի մասունքներն ամփոփելով Սյունիքի հողում` նախաձեռնողները դրանով խորհրդանշել են մեր ուժի, մեր ազգային ինքնագիտակցության էական գործոնը: Գալիս ենք այս սուրբ վայրը՝ ուժ ու ոգի առնելու նրանից»,- նշել է «Ժառանգություն» կուսակցությունից Սյունիքի մարզի պատասխանատու Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորության թեկնածու Սամվել Հայրապետյանը նշել է,  որ Րաֆֆի Հովհաննիսյանի  առաջնորդությամբ ընթացող պայքարը Սյունիքի ճակատում շատ շուտով հնարավորություն կտա շոշափելու Մեծ հաղթանակի արդյունքները:

Ժամը 18:00-ին քաղաքի մշակույթի պալատի հրապարակում մեկնարկել է կապանցիների հետ հանդիպումը, որի ընթացքում բաժանվել են թեկնածուի քարոզչական նյութերը: Այնուհետ հանդիպումը տեղափոխվել է Դավիթ Բեկի թաղամաս, որտեղ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է մարզի զարգացման ուղղությամբ Հայրապետյանի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն իր հերթին խոսել է ՀՀ սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի և «Ժառանգության» առաջարկած լուծումների մասին: Սամվել Հայրապետյանն ընդգծել է, որ իր ողջ գիտակցական կյանքում եղել է պայքարի մեջ, երբեք չի հիասթափվել և իրեն համարում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այս տարվա փետրվարի 18-ի հաղթանակի շարունակականությունն ապահովող մարտիկը: «Պայքարելու ու հաղթելու եմ ժողովրդի հետ միասին և սեպտեմբերի 29-ից սյունեցիներին ներկայացնելու եմ Ազգային ժողովում»,- համոզմունք է հայտնել պատգամավորության թեկնածուն:

Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը շարունակվելու է Մեղրի և Ագարակ քաղաքներում ու հարակից գյուղերում: