Երևանում բացվել է ԵԽ Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ. հանդիպումը

Կառավարության ընդունելությունների տանը սեպտեմբերի 2-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ. հանդիպումը, հաղորդում են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը մասնակցել են ԵԽ անդամ երկրները ներկայացնող բարձրաստիճան հոգևորականներ, Հայ Առաքելական եկեղեցու, կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների, մուսուլմանական, հուդայական, բուդդայական դավանանքների կրոնական առաջնորդներ միջազգային և հայաստանյան կրոնական և հասարակական կազմակերպությունների, ԵԽ տարբեր հաստատությունների և քարտուղարության ներկայացուցիչներ:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Բազմազանությունը Եվրոպայի ուժն է և հարստությունը, և մենք համոզված ենք, որ միջմշակութային երկխոսության միջոցով, ներառյալ դրա կրոնական հարթության, եվրոպական, համամարդկային արժեքների տարածումը պետք է մեր հասարակությունների համար լինի առաջնայնություն»,- նշել է նախարար Նալբանդյանը` ողջունելով մասնակիցներին:

Նախարարի խոսքով` Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել միջմշակութային երկխոսության կրոնական հարթությանը և պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչը 2006-2007 թթ. հանդիսացել է այս թեմայով Նախարարների կոմիտեի առաջին «խորհրդակցական խմբի» նախագահը:

«Երկխոսության մշակույթը և այլ մշակույթները, կրոններն ու ավանդույթները հարգելը միշտ հատուկ է եղել հայ ժողովրդին: Գտնվելով մշակույթների և կրոնների խաչմերուկում` Հայաստանը դարեր շարունակ բազմաբնույթ հարաբերություններ է զարգացրել տարբեր քաղաքակրթությունների հետ: Մեր մշակույթը հարստացել է այդ շփումներից և փոխադարձաբար այն նպաստել է այլ մշակույթների հարստացմանը:
Այսօր, հայ ժողովրդի երկու երրորդն ապրում է Հայաստանից դուրս: Լինի դա Ֆրանսիայում թե Բրազիլիայում, Ռուսաստանում թե Սինգապուրում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում թե Եգիպտոսում, Լիբանանում թե Հնդկաստանում, Իրանում թե Ավստրալիայում, հայերն իրենց մեջ կրում են երկակի ինքնություն, նրանք լիովին ինտեգրված են իրենց հյուրընկալած երկրների հասարակությունում և միաժամանակ խորապես կապված են մնում իրենց ազգային ինքնությանը: Այս առումով, նրանք բացառիկ կամուրջ են Հայաստանի և մնացյալ աշխարհի միջև»,- նշել է Նալբանդյանը: 

Հաջողություն մաղթելով համաժողովի մասնակիցներին` արտգործնախարարն ասել է. «Իմաստուններից մեկն ասել է «Մարդիկ չափազանց շատ պատեր են կառուցում և բավական քիչ՝ կամուրջներ»: Ես համոզված եմ, որ քսանմեկերորդ դարում մենք պետք է միավորենք մեր բոլոր ջանքերը՝ կամուրջներ կառուցելու, դրանք բազմապատկելու համար – կամուրջներ ժողովուրդների, մշակույթների, կրոնների, հասարակությունների, սերունդների միջև»: