Խորհրդարանական կառավարման անցնելու խնդիր դրված չէ. Դավիթ Հարությունյան

«Դեռևս նման խնդիր, որ մենք ընտրում ենք խորհրդարանական կառավարման ճանապարհը, չկա: Այդ խնդիրը ենթակա է քննարկման, ինչպես նաև բազմաթիվ այլ հնարավոր մոդելներ: Իսկ խորհրդարանական կառավարման ձևը ունի տասնյակ տարատեսակներ, որոնք էապես տարբերվում են միմյանցից»,- ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել ԱԺ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:

Դիտարկմանը, որ այսօր գործող հիմնական ներքաղաքական ուժերը՝ բոլորը, ժամանակին կողմ էին խորհրդարանական կառավարման եղանակին, և հիմա իշխող ՀՀԿ-ն,  կարծես, դա առաջ է տանելու, և նրանց կանգնեցնելու է բավականին բարդ ընտրության առաջ, Հարությունյանն արձագանքեց. «Այն քաղաքական ուժերը, որոնք կողմնակիցն էին այդ զարգացման, այսօր արդեն սկսում են քննադատել այս մոտեցումը, փորձելով այստեղ խարդավանքներ որոնել կամ գործող նախագահի կողմից հատուկ իջեցված հանձնարակական գտնել, որը ինչ-ինչ ձևով կխոչընդոտի մեր երկրի ժողովրդավարական զարգացմանը»:

Նրա խոսքով՝ կարծրացած  սահմանադրություններ չեն լինում, յուրաքանչյուր սահմանադրություն ստեղծվում է պատմական մի ժամանակահատվածի համար, և անհրաժեշտության դեպքում այն փոփոխվելու է: Հարցին, թե ինչու պետք է նոր փոփոխությունների ենթարկվի Սահմանադրությունը, Հարությունյանը պատասխանել է. «Զարգացող երկրներում այդ անհրաժեշտությունը կարող է ծագել շատ ավելի հաճախ, քան այն երկրներում, որոնք անցել են բուռն զարգացման փուլը և համեմատաբար կայուն փուլում են գտնվում: 2005թ. Սահմանադրությունը փոփոխվեց, քանի որ տասը տարվա ընթացքում կուտակվել էին խնդիրներ, որոնք լուծվեցին 2005թ.: Ես չեմ կարող ասել, որ նրանք ամբողջովին լուծվեցին, և կարծում եմ, որ անցած ութ տարիները ցույց տվեցին, որ մեր Սահմանադրության մեջ ևս նոր խնդիրներ կան, որոնք պետք է շտկվեն, պետք է ավելի կատարելագործվեն որոշակի մեխանիզմներ»:

Հարությունյանի կարծիքով՝ յուրաքանչյուր սահմանադրություն բնորոշ է տվյալ երկրին: «Օրինակ, խնդիրներ կան, որոնք ծագել են մեզ մոտ, կարող է՝ երբևե չեն ծագել Վրաստանում: Եթե մեզանում ծագել են այդ խնդիրները, անհրաժեշտ է դրանց անդրադարձ կատարել: Սահմանադրությունը, կարծում եմ, որ  իսկապես պահանջում է որոշակի շտկում: Դա չի նշանակում, որ մենք փորձելու ենք ընդունել Սահմանադրություն, որը կծառայի հայ ժողովրդին հավերժ կամ կլինի անփոփոխ հետագա 30-50 տարիների ընթացքում»,- ասել է նա:

Հայաստանի առաջին նախագահի կառավարման ընթացքում ընդունվել է Սահմանադրությունը, երկրորդ նախագահի օրոք՝ փոփոխվել, իսկ երրորդ նախագահի օրոք ներկայում քննարկվում են հնարավոր փոփոխությունները: Հարցին, թե արդյոք Սահմանադրության փոփոխությունը չի՞ արվում, որպեսզի գործող նախագահը իր ժամկետի ավարտից հետո շարունակի պաշտոնավարել որպես ուժեղ վարչապետ, Հարությունյանը պատասխանել է, որ 2005թ., երբ սահմանադրական փոփոխություններ էին իրականացվում, շատերն ասում էին, թե այն ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է ուժեղացնել նախագահի ինստիտուտը և երրորդ անգամ ընտրվելու հնարավորություն ստանալ: «Կյանքը ցույց տվեց լրիվ հակառակը. նախագահի լիազորությունները լուրջ սահմանափակվեցին 2005թ., իսկ Ռոբերտ Քոչարյանը երրորդ անգամ առաջադրվելու հնարավորություն չստացավ»,- ասել է Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, թե նմանատիպ «անհիմն աղմուկ կլինի նաև այս անգամ»: «Միշտ գտնվում են քաղաքական գործիչներ, որոնք պատրաստ չլինելով բովանդակային քննարկման, փորձում են կառչել արտաքին, հանրությանը հեշտ հրամցվող, բայց  սին գաղափարներից»,- նշել է նա:

Հարությունյանի խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե սահմանադրական փոփոխությունները դեպի ուր են տանելու: «Դեռ որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ-որ ուղղությամբ գնո՞ւմ են այս Սահմանադրական բարեփոխումները, թե՞ ոչ: Քննարկումները ցույց կտան, թե ինչքանով է առկա մոդելը համապատասխանում Հայաստանի առջև ծառացած խնդիրներին, մարտահրավերներին, իսկ եթե պարզվի, որ գործող այս մոդելը բավարար չէ, ապա՝ որո՞նք են նրա թերությունները և ինչպիսի՞ եղանակներ կան դրանց լուծման համար: Վստահեցնում եմ ձեզ, որ կարծիքները երբեմն ուղղակի հակադիր են: Թե որ ճանապարհով մենք կգնանք, հիմա դժվարանում եմ ասել, որովհետև դա պանաջում է լուրջ քննարկում: Բուն սահմանադրական բարեփոխումների նպատակը դա է՝ սկսել բարեփոխումը»:

Անի Գրիգորյան

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ: