Ծածկած շուկայի խնդրով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ թե` նախարարությունները. օմբուդսմեն

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել Փակ շուկայի վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացված է ստորև:

Ծածկած շուկայի խնդրով արդեն պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ թե` նախարարություններն ու քաղաքապետարանը: Այլևս ակնհայտ է, որ Ծածկած շուկայում իրականացված շինարարությունն ապօրինի է, ինչը հաստատող հայտարարություններով բազմիցս հանդես են եկել ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները:

Վերջին գրությամբ Երևանի քաղաքապետարանը, որն, ի դեպ, պատասխանատու է Երևանում ապօրինի շինությունների ապամոնտաժման համար, հայտնել էր, որ «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի տնօրենը տեղեկացվել է Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող շուկայի տարածքում ապօրինությունները վերացնելու և դրանից հետո միայն քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան կառուցապատումը շարունակելու անհրաժեշտության մասին: Սակայն, ինչպես տեսնում ենք, քաղաքապետարանի պահանջը մինչ այսօր ոչ միայն չի կատարվել, այլև ավարտվել է Ծածկած շուկայի տարածքում ապօրինի կառույցների իրականացումը:

Այս առումով անհասկանալի է իրավապահ մարմինների և առաջին հերթին` ոստիկանության դիրքորոշումը: ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված ինչպես ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից կրկնակի վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո ապօրինի շինության կառուցումը չդադարեցնելու համար, այնպես էլ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չձեռնարկելու համար: Իրավապահ մարմինների կողմից մերժվել է քրեական գործի հարուցումը թե´ վերը նշված, և թե´ պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու հանցագործությունների դեպքերի կապակցությամբ, սակայն այդ որոշումների հիմնավորվածությունը վիճարկվելու է նաև դատարանում:

Մարդու իրավունքների պաշտպանն ակնկալում է նախ` դատարանի կողմից քրեական գործերի հարուցումը մերժելու մասին որոշումների հիմնավորվածության մանրակրկիտ և անկողմնակալ ստուգում, երկրորդ` այս օրերին հուշարձանի մոտ իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցների բոլոր իրավունքների և օրինական շահերի, այդ թվում` անձնական անվտանգության և անձեռնմխելիության պաշտպանություն ոստիկանության կողմից:

Կատարված ապօրինությունների համար, ի վերջո, պետք է իրագործվի պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է պետության հատուկ պահպանության ներքո գտնվող պատմամշակութային հուշարձանին»:

Մեկնաբանել