Ավանդները երկնիշ աճ են արձանագրել

Այս տարվա յոթ ամիսներին բանկերում ավանդների պորտֆելի աճի 55%-ը (Դ101 մլրդ) ապահովել են ոչ ռեզիդենտների միջոցները։ Այդուհանդերձ, ինչպես վկայում են ամսական միտումերը, ավանդի ժամկետն ավարտվելուց հետո ոչ ռեզիդենտները նախընտրում են միջոցները հանել բանկային համակարգից։

Ամսական կտրվածքով բանկային համակարգում նվազել է ավանդների դոլարիզացիան, թեև այս ցուցանիշը շարունակում է բարձր մնալ։ Հուլիսին հունիսի համեմատ դոլարիզացիայի մակարդակը նվազել է 0,84 տոկոսային կետով՝ կազմելով 71,4%։ Մյուս կողմից՝ յոթ ամիսների կտրվածքով դոլարիզացիայի մակարդակը ավելացել է 1,7 տոկոսային կետով։

Ոչ ռեզիդենտների ավանդների ծավալը հաշվի չառնելով՝ ավանդների դոլարիզացիան յոթ ամիսներին կրճատվել է 0,2 տոկոսային կետով՝ հուլիսի վերջին կազմելով 63,1%։ Հունիսի համեմատ այս ցուցանիշն անփոփոխ է, ինչը պայմանավորված է ֆինանսական շուկայում տոկոսադրույքների և փոխարժեքի կայուն մակարդակով։

Հուլիսին դոլարի միջին փոխարժեքը եղել է այնքան, որքան հունիսին՝ Դ410,5/$1, իսկ մեկ տարի ժամկետայնությամբ դրամային ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 12,32% (ամսական կտրվածքով աճը՝ 0,32 տոկոսային կետ), դոլարային ավանդների տոկոսադրույքն աճել է 0,1 տոկոսային կետով՝ կազմելով 8%։

Մեկնաբանել