ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում կրկին հանդիպել են Ինջիղուլյանի հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, Ադրբեջանում գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի հետ: Այս մասին տեղեկացրել է կոմիտեի հասարակայնության հետ կապերի ղեկավար Իլահա Հուսեյնովան, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

Հուսեյնովայի խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 2-ին: Կոմիտեի միջնորդությամբ գերեվարված զինծառայողը և նրա ընտանիքը փոխանակվել են տեղեկատվությամբ:

Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում՝ ծառայությունն իրականացնելու ժամանակ, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնագծում և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք:

Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչներին երկար բանակցություններից հետո հաջողվել էր հանդիպել Ինջիղուլյանին` օգոստոսի 20-ին: Իսկ օգոստոսի 21-ին Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ եթե Ինջիղուլյանը ցանկանա, ապա կարող է վերադառնալ Հայաստան:

Մեկնաբանել