Մահացել է Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը

Երևանում սեպտեմբերի 2-ին 67 տարեկանում մահացել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

Լևոն Անանյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 13-ին Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում։ 1968թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990թ. ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1992թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին է ներկայացրել համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ, և մինչ օրս նախագահում էր այն։ Դասախոսել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։ 2008թ. մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչում։