Հայաստանի արտաքին պարտքը կրճատվել է 2,7%-ով

Համաշխարհային հիմնական արժույթների փոխարժեքների տատանումները, ինչպես նաև արտաքին պարտքի սպասարկմանն ավելի շատ միջոցների ուղղումը նպաստել է յոթ ամիսներին Հայաստանի արտաքին պարտքի կրճատմանը 2,7%-ով ($101,4 մլն)։ Հուլիսի վերջին Հայաստանի արտաքին պարտքը կազմել է Դ3,64 մլրդ, որից 83,8%-ը կառավարության պարտքն է։

Ֆինանսների նախարարության «Պետական պարտքի տեղեկագիր. հուլիս» հրապարակման համաձայն, այս տարվա յոթ ամիսներին արտաքին աղբյուրներից ստացվել է $147 մլն, որից $55,2 մլն-ը կառավարության, $91,8 մլն-ը՝ Կենտրոնական բանկի գծով։ Այս ընթացքում արտաքին պետական պարտքի սպասարկման ուղղվել է $201,6 մլն, որից $172,4 մլն-ը՝ մայր գումարի մարմանը, իսկ $29,2 մլն-ը՝ տոկոսավճարներին։

Այլ հավասար պայմաններում արտաքին պետական պարտքը պետք է կրճատվեր $54,6 մլն-ով, իրականում կրճատվել է $101,4մլն-ով, ինչը պայմանավորված է փոխարժեքի գործոնով։ Խնդիրն այն է, որ Հայաստանի արտաքին պարտքը հաշվարկվում է դոլարով, այն դեպքում երբ պետական պարտքում դոլարային վարկերի մասնաբաժինը 21,9% է։ Պարտավորություններ կեսից ավելին արտահայտված է SDR-ով (59,9%)։ Բացի այդ՝ պետական պարտքի 9,4%-ը եվրոյով, ևս 8,4%-ը՝ ճապոնական յենով արտահայտված վարկերն են։

Ըստ էության, համաշխարհային հիմնական արժույթների փոխարժեքների տատանումը բարելավել է Հայաստանի արտաքին պարտքի ցուցանիշը։

2013թ. ընթացքում արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է սպասարկել $418,6 մլն, որից $354,2 մլն՝ հիմնական գումարի մարման գծով, և $64,4 մլն՝ տոկոսավճար։ Փաստացի ստացվում է, որ յոթ ամիսներին արդեն սպասարկվել է նախատեսված ծավալի 48,1%-ը, ինչը վատ ցուցանիշ չէ, եթե հաշվի առնենք, որ մայր գումարների մարումների զգալի մասը ծրագրվել է երրորդ և չորորդ եռամսյակներում, իսկ տոկոսավճարների սպասարկման հիմնական բեռը ընկնելու է չորրորդ եռամսյակի վրա։

Բայց եթե պարտքի սպասարկման հետ կառավարությունը կարծես խնդիր չունի, ապա վարկային միջոցների ներգրավման հետ խնդիրները պահպանվում են։ Կառավարությունը ծրագրել էր, որ այս տարի ընդհանուր առմամբ պետք է ներգրավի $479 մլն-ի վարկային միջոցներ, յոթ ամիսներին ներգրավվել է այդ ծավալի ընդամենը 30%-ը։

Ներգրավված միջոցների նման փոքր ծավալը կառավարությանը ստիպել է դիմել պետբյուջեի միջոցների ծախսային մասի տնտեսման։ Հունվար-հուլիսին պետբյուջեն կատարվել է Դ51,1 մլրդ հավելուրդով (իննամսյա ծրագրով նախատեսված է Դ12,4 մլրդ-ի պակասուրդ):