Ամերիկյան համալսարանում մեկնարկել է բակալավրի ծրագիրը

Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկող ծրագիրը նախկին ԽՍՀՄ տարածքում ամերիկյան առաջին հավատարմագրված բակալավրի ծրագիրն է:

Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) սեպտեմբերի 2-ին մեկնարկել է բակալավրի կրթական աստիճան շնորհող ծրագիրը: Առաջարկվող բոլոր ծրագրերը հավատարմագրված են ԱՄՆ-ի Համալսարանների և քոլեջների արևմտյան ասոցիացիայի ավագ դպրոցների և համալսարանների հավատարմագրման հանձնաժողովի կողմից, նշված է համալսարանի տարածած հաղորդագրությունում:

«Մենք երկուսուկես տարի ջանք չենք խնայել և սպասել ենք այսօրվան: Սա նախկին Խորհրդային Միության տարածքում ամերիկյան առաջին հավատարմագրված բակալավրի ծրագիրն է, և մենք ինչ-որ չափով այս պահին պատմություն ենք կերտում: Ամերիկյան կրթությունը ինքնատիպ և կարևոր կողմեր ունի, ինչպիսին է ակադեմիական ազատությունը, դասախոսների և ուսանողների ղեկավարումը և այլն, և մենք երջանիկ ենք ներմուծել այս ամենը հայկական բակալավրի ծրագրում»,- ասել է ՀԱՀ նախագահ Բրյուս Բողոսյանը:

Հավատարմագրման գործընթացի տնօրեն Շարիստան Մելքոնյանն էլ նշել է, որ բակալավրի ծրագրի նորամուտով ՀԱՀ-ը նույնպես իր դրական ներդրումը կունենա Հայաստանի ղեկավարների ապագա սերնդի վաղ դաստիարակման գործընթացում:

Հայաստանի ամերիկյան համալսարանը մասնավոր, անկախ համալսարան է Երևանում: Այն հիմնադրվել է 1991 թ. և հանդիսանում է Կալիֆոռնիայի համալսարանի համագործակիցը: