Հարձակվել են Նախախորհրդարանի մամուլի խոսնակի վրա. հայտարարություն

«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել նախաձեռնության մամուլի խոսնակի վրա կատարված հարձակման վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Վերջին շրջանում ակնհայտ կերպով սաստկացել են ինչպես ոստիկանության, այնպես էլ որոշ քաղաքական ուժերի և քրեական տարրերի հետապնդումներն ու սպառնալիքները «Նախախորհրդարանի» անդամների ու աջակիցների նկատմամբ:

Դրանց թվում հատկանշական են Նախախորհրդարանի անդամներ Եղիա Ներսեսյանի ու Դմիտրի Հարությունյանի նկատմամբ ոստիկանության հետապնդումերը, Նախախորհրդարանի աջակիցներ Տաթև Մայիլյանի ու Շողիկ Մելքոնյանի նկատմամբ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի սեռական բնույթի վիրավորանքն ու սպառնալիքները, Ծածկած շուկայի համար պայքարող Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի, ակտիվիստներ Լևոն Ստեփանյանի, Տաթև Մայիլյանի, Սոնա Մարգարյանի և Շողակաթ Հախվերդյանի, ինչպես նաև մի շարք ակտիվիստ արվեստագետների նկատմամբ Ս. Ալեքսանյանի շրջանակի անձանց կողմից զանգվածային հետապնդումներն ու սպառնալիքները, «Հայազն» կուսակցության ներկայացուցիչների կողմից նույն Տաթև Մայիլյանի և Լևոն Ստեփանյանի նկատմամբ սպառնալիքներն ու սադրանքի միջոցով նրանց հետ բախումներ հրահրելու փորձերը:

Հետապնդումների, սպառնալիքների և բռնության այս շարքի բարձրակետը դարձավ երեկ` սեպտեմբերի 2-ին` ժամը 17:45-ի սահմաններում «Նախախորհրդարանի» անդամ, մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի վրա կատարված հարձակման դեպքը: «Հայազն» կուսակցության յոթ-ութ անդամներ, այդ թվում` կուսակցության վարչության անդամներ Արմեն Աղայանը և Արմեն Մկրտչյանը, հարձակվել են Երևանի Հյուսիսային պողոտայում միայնակ քայլող Վարուժան Ավետիսյանի վրա ու հարվածներ հասցրել նրան:

«Նախախորհրդարանը» դատապարտում է վարչախմբի, նրա ուղղորդմամբ գործող կեղծ քաղաքական ուժերի ու քրեական տարրերի համակարգված ճնշումը և բռնությունն իր անդամների ու աջակիցների նկատմամբ:

«Նախախորհրդարանը» հայտարարում է, որ չի ընկրկելու կեղծ բազմազանությամբ դրսևորվող, սակայն իրականում միասնական կառավարմամբ գործող հանցավոր համակարգի հարձակումներից և հետևողական կերպով հասնելու է ազգային ու մարդկային արժեքների վրա հիմնված նոր որակի հայկական պետություն ստեղծելու իր ծրագրի իրագործմանը»:

Մեկնաբանել