Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատարանը այսօր` սեպտեմբերի 3-ին, «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը:

Հարությունյանը Արաբկիրի բաժին բերման էր ենթարկվել օգոստոսի 31-ին, ապա ձերբակալվել: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Դատարանի որոշման վերաբերյալ «Նախախորհրդարանը» Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է. «ՀՀ-ում հերթական անգամ դատարանը կայացրեց անարդար որոշում և ապացուցեց, որ հանդիսանում է հանցավոր համակարգի գործիքը: Դմիտրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը: Այս պահին դատարանի մոտ հավաքված քաղաքացիները վրդովված ելույթներ են ունենում և հայտարարում են, որ Դմիտրի Հարությունյանը քաղաքական բանտարկյալ է»: