Կայացել է Պուտին-Սարգսյան հանդիպումը (լրացված)

«Կան հարցեր, որոնք հարկավոր է լուծել, որպեսզի մեր հարաբերությունները բարձրանան նոր, ավելի բարձր մակարդակի: Այդ իսկ պատճառով ես եկել եմ Մոսկվա, շնորհակալություն հրավերի համար»,- ասել է Սարգսյանը: (Photo: Reuters)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի մոտ Նովո-Օգարյովոյի իր նստավայրում ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը:

«Ես շատ ուրախ եմ, որ մեր երկու երկրների միջև ինտենսիվ զարգանում են հարաբերությունները, ընդ որում՝ բոլոր ուղղություններով: Շատ հաճախակի են շփումները խորհրդարանների, կառավարությունների, բիզնես կառույցների ուղղություններում: Ճիշտն ասած, հուսով եմ՝ այդ առումով նաև արդյունքն է դրական»,- հանդիպումից առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Պուտինը՝ հավելելով, որ հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը ավելի քան 23 տոկոս աճ է գրանցել, և Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջին առևտրատնտեսական գործընկերը:

Սերժ Սարգսյանը, Պուտինին շնորհակալություն հայտնելով հրավերի համար, ասել է. «Կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել և որոշումներ ընդունել ամրապնդելու մեր հարաբերությունները և, իհարկե, դրական գործընթացները»:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կառուցված են բարեկամության և եղբայրության դարավոր ավանդույթների վրա: «Մենք այդ հարաբերությունները փայփայում ենք և պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի դրանք զարգանան: Դա մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Դրանով հանդերձ, իհարկե, կան հարցեր, որոնք հարկավոր է լուծել, որպեսզի մեր հարաբերությունները բարձրանան նոր, ավելի բարձր մակարդակի: Այդ իսկ պատճառով ես եկել եմ Մոսկվա, շնորհակալություն հրավերի համար»:

Ի դեպ, Սարգսյան-Պուտին հանդիպման մասին Հայաստանի նախագահի կայքում զետեղված հաղորդագրությունում Սերժ Սարգսյանի խոսքը փոքր-ինչ տարբերվում է ՌԴ նախագահի կայքում զետեղված հաղորդագրությունում եղած խոսքից: «Գործընկերոջ հետ բանակցություններից առաջ նախագահ Սերժ Սարգսյանն իր բացման խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին հրավերի համար և նշել, որ շատ հարցեր են կուտակվել, որոնք կարելի է քննարկել և որոշումներ ընդունել երկկողմ հարաբերությունների և, իհարկե, ինտեգրացիոն գործընթացների խորացման նպատակով»,- նշված է ՀՀ նախագահի կայքում զետեղված հաղորդագրությունում:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի կայքը հաղորդել էր, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում նախագահ Պուտինը Հայաստանի նախագահի հետ կքննարկի ինտեգրացիոն հարցեր:

Նախատեսված է, որ նոյեմբերի 29-ին Հայաստանը Վիլնյուսում Եվրոպական Միության հետ ստորագրելու է Ասոցացման համաձայնագիրը և Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը: Մինչդեռ Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը դրա փոխարեն ներգրավվի իր նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացներում՝ ԵվրԱզԷս-ում և Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությունում:

Մեկնաբանել