«Ռոսնեֆտը» սպասում է «Նաիրիտում» աուդիտի արդյունքներին

Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության վարչության նախագահ Իգոր Սեչինը «Նաիրիտ գործարանի» գլխավոր տնօրեն Հովհաննես Ախինյանի և փոխտնօրեն Կարեն Միրզոյանի հետ քննարկել է «Ռոսնեֆտի» մասնակցության հնարավորությունը գործարանում քլորոպրենային եղանակով կաուչուկի արտադրության նախագծում։ Ըստ ռուսական ընկերության տարածած հաղորդագրության՝ աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի մոսկովյան այցի նախաշեմին։

Jacobs Consultancy Ltd ընկերությունն այս տարվա օգոստոսին «Նաիրիտ գործարանում» իրականացրել է բուտադիենային եղանակով կաուչուկի արտադրության տեխնոլոգիական և բնապահպանական աուդիտ։ «Նախագծում մասնակցելու նպատակահարմարության որոշումը «Ռոսնեֆտը» կընդունի աուդիտի արդյունքներն ամփոփելուց, ինչպես նաև նախագծում ներգրավվելու պայմանները [Հայաստանի – խմբ.] կառավարության հետ քննարկելուց հետո»,- նշված է ընկերության հաղորդագրությունում։

Բացի այդ, «Ռոսնեֆտը» իր գործընկեր Pirelli ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հնարավոր համագործակցության ուղղությունների հստակեցման շուրջ. իրավիճակի գնահատման նպատակով Pirelli-ի մասնագետները կայցելեն «Նաիրիտ»։ «Մենք դրական ենք գնահատում հայ գործընկերների հետ համագործակցության ընթացքը։ Մենք հայ գործընկերների հետ համագործակցությունում տեսնում ենք լուրջ հեռանկարներ և վստահ ենք, որ առկա է Հայաստանում ռազմավարական ներդրումների ներուժ»,- ասել է Իգոր Սեչինը՝ ամփոփելով հանդիպումը։

Նշենք, որ դեռ 2011թ. «Նաիրիտի» և ԱՊՀ միջպետական բանկի կողմից պատրաստվել էր «2011-2019 թթ. «Նաիրիտի» զարգացման և վերակառուցման» ծրագիրը, որի ընդհանուր արժեքը գնահատվել էր $512,26 մլն ($367 մլն-ն ուղղվելու է գործարանի արդիականացմանը, $146 մլն-ը՝ պարտքերի մարմանը)։ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (վերահսկում է գործարանի բաժնետոմսերի 10% փաթեթը) այս ընթացքում մի շարք կազմակերպությունների հետ ծրագրի իրականացման շուրջ բանակցություններ է վարել, որոնք որևէ արդյունք չեն տվել։

Այսպես՝ ռուսական նավթագազային «Իտեռա գրուպը» 2011թ. հայտարարեց, որ հետաքրքրված է ստանձնելու «Նաիրիտի» կառավարումը։ Ընկերությունը բրիտանական Jacobs Consultancy Limited-ին պատվիրեց անգամ գործարանում աուդիտ անցկացնել, որի նախնական արդյունքները ստացավ անցած տարի։ Ոչ պաշտոնական մակարդակով հայտարարություններ էին հնչում, թե ռուսական ընկերության և կառավարության միջև շուտով ձեռք կբերվի սկզբունքային համաձայնություն, կստորագրվի պայմանագիր։ Իրականում որևէ բան տեղի չունեցավ։

Այս տարվա ապրիլի վերջին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ՍիվիլՆեթին ասել էր, թե «Նաիրիտի» վերագործարկման հարցը «Ռոսնեֆտի» հետ բանակցությունների փուլում է (2012թ. «Իտեռայում» տեղի է ունեցել հիմնական բաժնետիրոջ փոփոխություն, բաժնետոմսերի 51%-ն անցել է «Ռոսնեֆտին), և հուսով է, որ առաջիկա երկու ամսում այս հարցում հստակեցում կմտցվի։

«Իտեռայի» կողմից «Նաիրիտի» կառավարման և արդիականացման ծրագրում հիմնական խնդիրը ֆինանսական կողմն է։ Բանն այն է, որ Մեծ Բրիտանիայում գրանցված օֆշորային Rhinoville Property Limited ընկերությունը (որին դե յուրե պատկանում է «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը) չի կատարել ԱՊՀ միջպետական բանկի առջև իր վարկային պարտավորությունները, և 2011թ. վերջից գործարանի բաժնետոմսերի 90%-ը դե ֆակտո պատկանում է բանկին (2006թ. օգոստոսին բանկը $70 մլն-ի վարկային գիծ էր բացել Rhinoville Property Limited-ի համար՝ 5,3 տարի ժամկետով և տարեկան 12,5% տոկոսադրույքով)։ «Նաիրիտի» բաժնետոմսերի 10%-ը պատկանում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը։

Տարեսկզբին Միջպետական բանկը դիմել է Մոսկվայի Արբիտրաժային դատարան՝ Rhinoville Property Limited-ից $25,2 մլն բռնագանձելու հայցով։ Հերթական դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 30-ին։