Ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու է «Ռոսատոմը»

«Ռոսատոմը» հայ մասնագետների հետ համատեղ աշխատելու է Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը ևս տասը տարով՝ մինչև 2026թ., երկարաձգելու նախագծի շուրջ։ Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նշենք, որ անցած տարի ապրիլի 19-ին կառավարությունը որոշում էր ընդունել սկսել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի (ավարտվում է 2016թ.) երկարաձգման գործընթացը։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը հանձնարարվել էր մինչև 2013թ. օգոստոսի 1-ը գնահատել այդ աշխատանքների համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը, իսկ մինչև 2013թ. սեպտեմբերի 1-ը կառավարության հաստատմանը ներկայացնել շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը։

Մեծամորի տիպի ԱԷԿ-ների շահագործման ժամկետը հնարավոր է երկարաձգել մինչև տասը տարի, այդ աշխատանքների համար պահանջվող ֆինանսական միջոցները կազմում են $100-150 մլն։

Հայաստանի էներգետիկ անվտանգության տեսակետից Մեծամորի ատոմակայանը այլընտրանք չունի. իշխանությունները բազմիցս նշել են՝ ատոմակայանի շահագործումը կդադարեցվի, երբ լինեն հավասարազոր հզորություններ՝ միջուկային նոր էներգաբլոկի տեսքով։ Հաշվի առնելով միջուկային նոր էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ ժամկետի գործոնը (5-7 տարի)՝ հասկանալի է, որ Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը առայժմ միակ լուծումն է։

2008թ. հոկտեմբերին՝ Ժողովրդին և Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»։ Նախագահից բացի, էներգետիկայի ոլորտի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ նոր էներգաբլոկը շահագործման կհանձնվի մինչև Մեծամորի ատոմակայանի շահագործումից հանելը, այսինքն՝ մինչև 2016թ.։

Այս տարվա փետրվարին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ նոր էներգաբլոկը պատրաստ կլինի 2019թ., իսկ Մեծամորում ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս հաստատեց, որ մինչև 2014թ. կսկսվեն նոր էներգաբլոկի կառուցման հիմնային աշխատանքները։

Նշենք, որ 1060 ՄՎտ դրվածքային հզորությամբ միջուկային նոր էներգաբլոկի կառուցման համար կպահանջվի $5,2-$7,2 մլրդ, բուն շինաշախատանքների համար՝ 5-7 տարի։ Կառուցման ժամկետն առաջին հերթին կապված է ֆինանսավորման աղբյուրներից։ Ներկայում միայն Ռուսաստանն է պատրաստ ներդրում կատարել Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ծրագրում, ընդ որում՝ միջուկային ռեակտորի տեսքով։ Այս տարվա փետրվարին ռուսական «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն Երևանում հայտարարեց, որ ռուսական կողմը կարող է մինչև 50% մասնակցություն ունենալ նոր էներգաբլոկի ներդրումներում: