«Հայազն»-ի պատասխանը Նախախորհրդարանին

«Հայազն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության սեպտեմբերի 3-ին հրապարակած հայտարարությանը, որում նախաձեռնությունը մեղադրում էր կուսակցության անդամներից երկուսին Նախախորհրդարանի  մամուլի քարտուղարին ծեծելու մեջ:

«Սեպտեմբերի 2-ին մամուլում հրապարակվել է Նախախորհրդարանի հայտարարությունը, որտեղ ակտիվիստների հանդեպ ոստիկանության ճնշիչ գործողությունները անհեթեթ պատճառահետևանքային կապերով և տրամաբանության տարրական կանոններին հակառակ տեղավորվել են Հայազնի անդամների կողմից Սարդարապատ/Նախախորհրդարանի անդամների դեմ իբր իրականացվող կանոնակարգված և նպատակաուղղված ճնշումների կողքին:

Այսպիսով, քաղաքացիական դիմադրության օջախները հավասարեցվում են «խեղճ» սարդարապատականների անձնական պահվածքի հետ կապված հնարավոր միջադեպերի, իսկ Հայազնը «անիծյալ վարչակարգի» հետ:

Վերին աստիճանի ծիծաղաշարժ և անտրամաբանական են սեփական գործունեությունը գերարժևորելու նման ճիգերը:

Հայազնի վարչությունը, ևս մեկ անգամ հիշեցնում է իր սկզբունքային դիրքորոշումը ներկայիս վարչակարգի և քաղաքացիների հիմնական շահերն ու բնական իրավունքները ոտնահարող իշխանական բուրգի վերաբերյալ. այս վարչակարգը և դրա հիմքում ընկած համակարգը պետք է վերացվեն Ազգային Հեղափոխության միջոցով:

Վաղ թե ուշ այս անողոք պայքարի դաշտը կլքեն` այն գեղարվեստա-թաթերական անիմաստ և ապաշնորհ արարների վերածող, հետապնդման մոլուցքի  դրսևորումները հանրությանը տեղի-անտեղի հրամցնող ուժերը»: