Բրյուսելը չի շտապում արձագանքել Հայաստանի որոշմանը

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակը` Փիթըր Սթանոն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է, որ Եվրոպական հանձնաժողովում ուշի-ուշով հետևում էին Մոսկվայում ընթացող Պուտին-Սարգսյան հանդիպմանը, սակայն նա ձեռնպահ է մնացել որևէ գնահատականից կամ մեկնաբանությունից, հաղորդում է Azatutyun.am-ը:

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները սեպտեմբերի 3-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, համաձայն որի Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։

Եվրահանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ այժմ այդ տեղեկատվությունը ճշտում են իրենց հայաստանյան գործընկերների հետ, և պաշտոնական որևէ հայտարարություն կամ պատասխան կարող են տալ միայն Հայաստանի բանագնացների կողմից որոշակի մանրամասների տրամադրումից հետո:

Ակնկալվում էր, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովում պետք է նախաստորագրվեր ԵՄ – Հայաստան Ասոցացման համաձայնագիրը:

Մեկնաբանել