Կայսրությունները վերածնվելու հատկություն ունեն: Հակառակ դեպքում կայսրության տարածքում պետք է առաջանան ազգային պետություններ: Եվ նույնիսկ այս դեպքում դոմինանտ ազգային պետությունը փորձում է միավորել մյուսներին, վերականգնել իր երբեմնի տարածքն ու հզորությունը: Ռուսական կայսրությանը փոխարինեց Խորհրդային կայսրությունը, իսկ Ռուսաստանի Դաշնությունն այդպես էլ չդարձավ ազգային պետություն: ՌԴ-ն գոյատևելու երկու ճանապարհ ունի՝ կա՛մ կորցնել դաշնային սուբյեկտներին ևս, կա՛մ էլ փորձել վերականգնել Խորհրդային կայսրության տարածքը:
Ավտորիտար, կենտրոնացված համակարգը և նավթի բարձր գները թույլ են տվել պուտինյան Ռուսաստանին մտածել կայսրությունը վերականգնելու, ընդարձակելու մասին: Իր նախագահության երկրորդ շրջանում Պուտինը լրջորեն ձեռնամուխ է եղել Կայսրության վերածննդին՝ օգտագործելով նախկին խորհրդային երկրների վրա ազդելու հնարավոր բոլոր միջոցները:
Հայությունը վերջին հարյուր տարում մնացել է մի քանի կայսրության փլատակների տակ՝ ենթարկվելով ցեղասպանության և կորցնելով տարածքներ: Կայսրությունը դաժան է վարվել մեզ հետ՝ սեփական ծայրագավառներում անդորր հաստատելիս: Հատկապես կովկասյան հատվածում, որը, համաձայն մասնագետների, միավորել կարող է միայն կայսրությունը: Եվ հենց այդ տրամաբանությամբ էլ Արցախն ու Նախիջևանը հայտնվել էին Ադրբեջանի կազմում:
Կայսրության փլուզումից հետո, ազգային պետություն ստեղծելու ընթացքում, մենք կարողացանք հետ բերել Արցախի մի մասը, ինչը մեծ գրավական էր անկախ պետություն կերտելու գործում:
Այսօր Հայաստանի նախագահի պաշտոնում հայտնվել է մեկը, որն ամբողջովին ունի կայսերական գործակալի մտածելակերպ և առաջնորդվում է կենտրոնի նկատմամբ ստրկամիտ վախով: Եվ այդ մեկը, ոչնչացնելով սեփական հասարակությունը, զրկելով իրեն հնարավոր բոլոր մանևրերից, ծնկի իջավ սեփական հայրենիքը կայսրության մաս դարձնելու առաջարկի առջև:
1920-ականների սովետահայ առաջնորդները թույլ գտնվեցին և Արցախն ու Նախիջևանը թողեցին Ադրբեջանի կազմում: Այսօրվա Եվրասիական կոչվող կայսրությունը կրկին Ադրբեջանի կարիքն է ունենալու և դրա գինը կրկին հայկական տարածքները կարող են լինել: Չնայած ՀՀ-ում և ԼՂՀ-ում որոշում ընդունողների մեծ մասը կայսրության գործակալներ են՝ այնուամենայնիվ մենք պետք է ուժ գտնենք 1920-ականների սխալները թույլ չտալու համար: Ինչպես ուժ գտանք և 70 տարի անց հետ բերեցինք Արցախը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՀՀ-ն որոշում է կայացրել մտնել Մաքսային միություն: Եվ ի՞նչ: Առանձնապես ոչինչ: Սերժ Սարգսյանը դրանով մեր երեխաներին և թոռներին ապահովել է Հայրենիքի համար մեռնելու հնարավորություն: Ինչպես մեր հայրերի և եղբայրների դեպքում: Ինչպես ամեն կայսրության փլուզման ժամանակ…