Ռուսաստանը շանտաժի է ենթարկել Հայաստանին. ԵՄ

Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած Մաքսային միությանն ու ԵՄ Ասոցացման համաձայնագրին. ինչպես հաղորդում է Azatutyun.am-ը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, որը նաև Եվրոպայի ամենահզոր քաղաքական ուժի` Եվրոպական ժողովրդական կուսակցության գործադիր մարմնի անդամ է:

«Ես շատ եմ ցավում այդ որոշման համար, քննարկել եմ այս հարցը Հայաստանի նախագահի հետ: Մենք գիտենք, որ Հայաստանի վրա ահռելի ճնշումներ են գործադրվել Ռուսաստանի կողմից` Ադրբեջանի և Ղարաբաղի շուրջ դժվար իրադրության հետ կապված, և որ այդ ճնշումները օգտագործվել են Հայաստանի նման փոքր պետությանը շանտաժի ենթարկելու համար, որպեսզի նման որոշում կայացվի: Ես շատ եմ ցավում, քանի որ իրավաբանորեն և որոշ այլ պայմանների պատճառով հնարավոր չէ լիարժեք անդամակցել և՛ Մաքսային միությանը, և՛ ԵՄ Ասոցացման համաձայնագրին և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

«Ազատություն» ռադիոկայանը հետաքրքրվել է նաև, թե ինչպիսին կլինեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները այսուհետ` նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններից ու Պուտինի նախաձեռնած Մաքսային միությանը միանալու որոշումից հետո:

«Մեր հարաբերությունները կլինեն այնպիսին, ինչպիսին որ Եվրամիությունն ունի ցանկացած այլ երկրի հետ, բայց` առանց եվրոպական հեռանկարի», – պատասխանել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

«Ի՞նչ եք կարծում, հնարավորություն կա՞, որ Հայաստանը փոխի իր միտքը` Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ», հետաքրքրվել է Բրյուսելում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը:

«Հուսով եմ, քանի որ մենք դեռ խոսելու ենք հայկական կողմի հետ,- ասել է եվրոպացի պաշտոնյան: -Վերջին տարիների ընթացքում ես մի քանի անգամ քննարկում եմ ունեցել Հայաստանի նախագահի հետ, և հիմա կարող եմ միայն ենթադրել, որ այստեղ ռուսական կողմի ճնշումն է դեր խաղացել: Եթե հնարավորություն լինի վերադառնալ այս հարցին, ապա շատ կարևոր է, որ ղարաբաղյան խնդիրը կարգավորված լինի, և Հայաստանի նման փոքր պետությունը լուծման տարբերակ գտնի Ադրբեջանի հետ` տարածաշրջանի խնդիրները հաղթահարելու համար: Եվրամիությունը, որը մինչ օրս դրանով չի զբաղվել, պետք է շատ ավելի մեծ հետաքրքրություն դրսևորի այս սառեցված հակամարտությունը կարգավորելու հարցում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Մեկնաբանել