ԵՄ պաշտոնյաների արձագանքը Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշմանը

Հայաստանը կորցրեց իր հնարավորությունը Եվրամիության հետ ստորագրելու Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը՝ ընտրելով միանալ Ռուսաստանի Մաքսային միությանը. սեպտեմբերի 3-ին այսպիսի հայտարարություն է արել Եվրամիությունը նախագահող երկիր Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը, հաղորդում է Global Post-ը:

«ԵՄ-ն հարգում է երեքշաբթի՝ սեպտեմբերի 3-ին,  Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայտարարարված որոշումը, սակայն այս երկու համակարգերն անհամատեղելի են,- ասել է Լինաս Լինկյավիչուսը: -Մենք հարգում ենք պետությունների կողմից ընդունված ցանկացած որոշում, սակայն նրանք չեն կարող մտնել երկու կազմակերպություն միաժամանակ, քանի որ մաքսային պահանջները տարբեր են»: 

Վիլնյուսի համալսարանի վերլուծաբաններից մեկը սեպտեմբերի 3-ին ասել է, որ Հայաստանի այս քայլը Ռուսաստանի կողմից տարվող «մեծ խաղի մի մաս է», որը վերջերս Ուկրաինային, Մոլդովային զգուշացրել էր, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը կարող է վնասել Մոսկվայի հետ տնտեսական կապերին:

«Ռուսաստանը մեծացնում է իր ազդեցությունը Արևելյան գործընկերության երկրների վրա, որպեսզի նրանք չստորագրեն Ասոցացման համաձայնագիրը»,- ասել է փորձագետը:

Առանձին հայտարարություններով սեպտեմբերի 3-ին, բացի Լիտվայի արտգործնախարարից, հանդես են եկել նաև մյուս յոթ արտգործնախարարները՝ բալթյան և սկանդինավյան երկրներից՝ զգուշացնելով հետխորհրդային երկրների նկատմամբ Ռուսաստանի ճնշումների մասին:

«Որևէ տնտեսական սպառնալիք կամ քաղաքական ճնշում ընդդեմ Եվրոպական գործընկերության երկրների՝ նրանց եվրոպական ձգտումների և ծրագրերի պատճառով, անընդունելի է»,- ասել են նրանք:

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը: