Իվանիշվիլին Վրաստանի տնտեսական անկման մեջ մեղադրել է նախորդ իշխանություններին

Վրաստանի տնտեսական անկումը նախորդ իշխանությունների կառավարման արդյունքն է: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

«Բավական շատ են տնտեսական անկման հետ կապված սպեկուլացիաները: Եթե նայենք թվերին, դա իրոք այդպես է, և կա տնտեսaկան անկում, սaկայն ես ձեզ վստահեցնում եմ, որ դրանում չկա նոր իշխանությունների մեղքը, ընդհակառակը՝ դա նախորդ իշխանությունների երկարատև կառավարման արդյուքն է: Այդ ժամանակ տնտեսությունը կառավարվել է ոչ ճիշտ մեթոդներով և աճը հիմնականում ապահովվել է պետական կառույցների ակտիվությամբ և մեկ մարդու որոշումներով», -ասել է Իվանիշվիլին:

Նրա խոսքով՝ նախորդ կառավարության շրջանում թեև երկրում շինարարությունն իրականացվել է արագ տեմպերով, սակայն այն բարձր որակով չի առանձնացել:

Ըստ Իվանիշվիլիի տնտեսական և կայուն զարգացման նախարարությունը մոտ ապագայում կներակայացնի տնտեսության  զարգացման երկարաժամակետ ռազմավարություն:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2013թ. 2-րդ եռամսյակում երկրի տնտեսական աճը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կկազմի 1,3%: 2013թ. ապրիլին տնտեսական աճը 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 4,6%, մայիսին նվազել է մինչև 0,2%  և հունիսին՝ մինչև 0,8%: