Հայաստանը բարելավել է դիրքերը ՀՏՖ մրցունակության զեկույցում

Համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի «Մրցունակության համաշխարհային զեկույց 2013-2014»-ի՝ Հայաստանը մրցունակությամբ 79-րդն է աշխարհի 148 երկրների մեջ։ Նախորդ տարվա համեմատ երկիրը դիրքերը բարելավել է 3 կետով։ Եվ սա այն դեպքում, երբ, օրինակ, հարևան Վրաստանը դիրքերը բարելավել է 5 կետով զբաղեցնելով՝ 72-րդ տեղը, Ադրբեջանը՝ 7 կետով և զբաղեցրել 39-րդ հորիզոնականը։ Թուրքիան ցանկում 44-րդն է, Իրանը՝ 82-րդը, Ռուսաստանը՝ 64-րդը (բարելավումը՝ 3 կետ)։

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ներկայացնելով «Մրցունակության համաշխարհային զեկույց 2013-2014»-ը «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը նշեց, որ երկրի մրցունակության գնահատականը կազմվում է հաշվի առնելով մրցունակության 12 հենասյուները։ 12 այդ հենասյուներից 4-ով Հայաստանը հետընթաց է արձանագրել։

Ըստ Հերգնյանի՝ ենթացուցիչների մակարդակով գրանցվել են թե՛ դրական, թե՛ բացասական զգալի փոփոխություններ: Դրական ազդանշան են բիզնեսի վարման կատարելագործվածության, մրցակցային շուկաների և տեխնոլոգիաների օգտագործման ասպարեզներում դրական տեղաշարժերը: Միևնույն ժամանակ, նորարարության ցուցանիշները, որոնք առանց այն էլ բավական անբարենպաստ դիրքերում են, էլ ավելի են վատթարացել: Ուշադրության արժանի են վարկերի ստացման հեշտության և կառավարության միջոցների ոչ նպատակային օգտագործման ցուցիչների վատթարացումը։

Ըստ Հերգնյանի՝ տարեկան կտրվածքով կազմվող մրցունակության զեկույցներից երևում է, որ տարածաշրջանում երկրների միջև մրցակցությունն ուժգնանում է, և Հայաստանին անհրաժեշտ է արագացնել առաջընթացի ներկայիս տեմպերը։ «Մենք ունենք օբյեկտիվ սահմանափակումներ և պետք է կարողանանք այլ ուղղություններով փոխհատուցել դրանք»,- նշեց Հերգնյանը։

Հարցին, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանն արձանագրում է մրցունակության ցուցանիշների բարելավում այն դեպքում, երբ վերջին տարիներին կրճատվում են օտարերկրյա ներդրումները, Հերգնյանը նշեց, թե ներդրումներ Հայաստանում կատարվել են հիմնականում խոշոր ենթակառուցվածքային նախագծերում, որոնք ավարտվել են, ինչը և հանգեցրել է ներհոսող միջոցների կրճատման։ Մյուս կողմից՝ Հայաստանի օտարերկրյա ներդրումների կառուցվածքում զգալի մաս է կազմում վերաներդրված շահույթը, այսինքն օտարերկրյա կապիտալով ընկերությունն իր ստացված եկամուտները նորից ներդրել է ընկերությունում։ Ըստ Հերգնյանի՝ պետությունը պետք է վարի ավելի ագրեսիվ ներդրումային քաղաքականություն՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավվելու համար։

Մեկնաբանել