Մաքսային միություն մտնելու որոշումը րոպեական ընդունված է. Արմեն Մարտիրոսյան

Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումն առանց քննարկման, րոպեական որոշում էր` ընդունված նախագահ Սերժ Սարգսյանի կողմից միահեծան ձևով. ՍիվիլՆեթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ խիստ բացասական է վերաբերվում այդ որոշմանը:

«Մտավախությունս այն է, որ Մաքսային միությանը միանալու արդյունքում Հայաստանում կմոռանան որևէ բարեփոխման մասին, և երկիրն արյունաքամ լինելու գործընթացի մեջ կմտնի»,- ասաց Մարտիրոսյանը` ընդգծելով, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք օրեր առաջ, նույնիսկ երեկ նշում էին, թե Հայաստանը միմիայն Ասոցացման համաձայնագիրն է ստորագրելու:

Անդրադառնալով Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե Մաքսային միությանը միանալու որոշումը նորություն չէ, «Ժառանգության» փոխնախագահը նշեց, որ նման բան չի եղել և մի քանի օր առաջ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և նույնիսկ Գալուստ Սահակյանը հայտարարում էին, թե Ասոցացման համաձայնագիրն է առաջնային:

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը:

Մեկնաբանել