Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել ԱԻՆ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

«Տարիների ընթացքում մեր հասարակության մեջ ամրապնդվել է այն գաղափարը, որ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացել է, և այս ինստիտուտը ՀՀ-ում կայացել է: Դրա հիմնական ազդակը մեր քաղաքացիները ստանում են ձեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ: Տասնյակ հազարավոր զանգերը, դիմումները՝ օգնություն ստանալու համար, չեն մնում անպատասխան: Եվ տարեցտարի բարելավելով ծառայությունների որակն ու մակարդակը՝ դուք կարողանում եք բարձրացնել ՀՀ քաղաքացիների վստահությունը ձեր նկատմամբ: Սա ամենակարևոր արդյունքն է, որը մենք ունենք»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ էապես ավելացել են նաև այն ոլորտները, որտեղ ԱԻՆ-ն աշխատում է: Նախարարության գործունեությունը դարձել է բազմաբովանդակ, իսկ ԱԻՆ-ի աշխատակիցները հետզհետե ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ, մատուցում նոր ծառայություններ:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեծ ուշադրություն է դարձվում նաև ժամանակակից մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ինչին էլ ուղղված է ԱԻՆ-ի միջազգային համագործակցությունը:

Վարչապետը որպես առաջնահերթություն կարևորել է հատկապես կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: Այդ տեսակետից, վարչապետի խոսքով, նախարարության ծրագրերն ուղղված են առաջին հերթին ինտելեկտուալ, գիտական կարողությունների բարձրացմանը. ավելացվում են նաև գիտահետազոտական աշխատանքների ծավալները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ նախարարությունը կարողացել է համախմբել մեր երկրի գիտնականներին՝ իր առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով: Վարչապետի խոսքով՝ այդ ամենը հույս է ներշնչում, որ ապագայում էլ ԱԻՆ-ը կգտնվի բարձր մակարդակի վրա:

ՀՀ նախագահի հրամանագրով ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Նիկոլայ Գրիգորյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում: Կոչման վկայականը Ն. Գրիգորյանին հանձնել է վարչապետը:

ԱԻՆ մի քանի աշխատակիցների վարչապետը պարգևատրել է Անանիա Շիրակացու մեդալով: Այնուհետև վարչապետի մասնակցությամբ բացվել է Արտակարգ իրավիճակների աշխատողի հուշարձանը: