«Հայաստանի քաղաքացի» հասկացությունը դառնում է ժամանակավրեպ

Խնդիրը, որ լուծեց Հայաստանի փաստացի նախագահը՝ Հայաստանում բացառված է որևէ իշխանափոխություն։ Այսինքն, արժեզրկվում է քվեարկությունը։ Այլևս էական չէ` լեգիտի՞մ է նախագահը, թե՞ ոչ։

Նախագահի ընտրությունների ժամանակ խոստացե՞լ էր Սերժ Սարգսյանը, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը։ Ոչ, չէր խոստացել։ Սակայն տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել։ Մաքսային միությունը հնարավոր դարձավ այն պահից, երբ ավերում էին Երևանի կենտրոնը։ Նույնիսկ Փակ շուկայի ավերումն այդ միության օգտին էր։ Ինչպե՞ս։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի լավագույն հիշողությունները կապված են Խորհրդային Միության հետ։ Ինքը Երևանում մանկության և պատանեկության հիշողություններ չունի։ Ինքը չի կարող ավերել Ստեփանակերտը, դա նրա փոխարեն կարող է անել ուրիշը, ասենք, Բաքվում հիմնովին ապրած և կրթություն ստացած մեկը։

Այդ մարդը երբեք էլ չի ընկալել եվրոպական ուղղության Հայաստանը։ Եվրոպան քարը գլուխը։ Ոչ ոք նրանից չէր պահանջում ստորագրել Ասոցացման համաձայնագիրը։ Բայց բոլորն ասում էին՝ ռուսների հետ գործ չունես։ Ռուսների հետ գործ ունենալու հետևանքները մենք տեսել ենք։ Պատրանքներ չկային՝ մենք այսպես թե այնպես ռուսների հետ էինք։ Բայց դա մեզ չէր խանգարում ինչ-ինչ իրավիճակներում մերձենալ եվրոպացիների հետ։ Ի՞նչ արեց Հայաստանի փաստացի նախագահը։ Նա միանգամից լուծեց արտագաղթի հարցը։ Այսինքն, երեկվանից սկսած Ռուսաստան արտագաղթելը հաշիվ չէ, դա այլևս արտագաղթ չէ, որովհետև մենք ո՞ւր ենք գնում, գնում ենք նույն Միության մեկ այլ երկիր, որտեղ գտնվում է մեր իրական իշխանությունը։ Հիմա արդեն Սերժ Սարգսյանը կարող է հայտարարել, որ Մաքսային միությանը միանալուց հետո Հայաստանում կտրուկ և աննախադեպ ընկել են արտագաղթի ծավալները։ Մարդը խելոք քայլ արեց, խոսք չկա։ Պարզ է, որ Մաքսային միությանն անդամագրվելը կուժեղացնի արտագաղթը, սակայն արդեն ոչ թե Ռուսաստան, այլ եվրոպական երկրներ։ Հիմա Եվրոպան չի մերժի հայ փախստականներին, որովհետև Հայաստանը մտավ փաստացի բռնապետական տարածք։ Իսկ այդպիսի տարածքներից փախչողներին, որտեղ ամրագրվում են արհամարհանքը մարդու իրավունքների և եվրոպական արժեքների նկատմամբ, Եվրոպան գրկաբաց է ընդունում։ Մենք և Զիմբաբվեն մի ենք եվրոպական ընկալումներում։

Մյուս խնդիրը, որ լուծեց Հայաստանի փաստացի նախագահը՝ Հայաստանում բացառված է որևէ իշխանափոխություն։ Այսինքն, արժեզրկվում է քվեարկությունը։ Այլևս էական չէ` լեգիտի՞մ է նախագահը, թե՞ ոչ։ Որովհետև, եթե դու ինքնիշխան չես, ի՞նչ էական է, ինչպես ես եկել իշխանության։ Այս ամենը Սերժ Սարգսյանի մանկության արդյունքն է։ Գիտակցության հիմնական ազդակներն ստանալիս այդ մարդը եղել է Բաքվի կոմունիստական հրահանգների ազդեցության տակ։ Ինքը չէր կարող և այսուհետև ևս չի կարող կայացնել որևէ հայանպաստ որոշում։ Բնավ էական չէ, թե ինչ սպառնալիքների և կոմպրոմատների արդյունքում են ռուսներն ստացել պարոն Սարգսյանի փաստացի համաձայնությունը։ Էականն այն է, որ «Հայաստանի քաղաքացի» հասկացությունը դառնում է ժամանակավրեպ։

Ինչո՞ւ ամեն ինչ այսպես դասավորվեց։ Պատասխանն առաջին հայացքից նույնիսկ սխալ է՝ Հայաստանի քաղաքացին չափազանց շատ խաղադրույք դրեց քաղաքացիական հասարակության կայացման վրա։ Այսինքն, նա իշխանությանն այդ հասարակության միջոցով քարտ բլանշ տվեց առանց սեփական աթոռը կորցնելու սպառնալիքի մտածել ինչ-ինչ զիջումների գնալու մասին։ Ահա ինչու նա կորցրեց քաղաքական հարցերում որոշումներ կայացնելու դիմադրողականությունը։ Դիցուք, Հայաստանի հռչակագիրը կորցրեց իր արդիականությունը։ Կորցրեց, որովհետև ցանկացած երկրի ինքնուրույնություն մի օր անպայման փոշիանում է, երբ ժողովուրդը սոված է և փախչում է երկրից։ Հայաստանի պարագայում այդ փոշիացումն արտահայտվեց ամենասարսափելի սցենարով՝ մարդիկ փախչում էին Ռուսաստան իրենց հերթին հնարավոր դարձնելով Մաքսային միությունը։