Մոսկվան չի բացառում Սիրիայում ռազմական գործողությանը համաձայնություն տալը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քիմիական զենքի կիրառման հարցում Դամասկոսի մեղքն ապացուցվելու դեպքում չի բացառում Մոսկվայի համաձայնությունը Սիրիայում ռազմական գործողությանը, սակայն միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնման պայմաններում։ Այս մասին Պուտինը հայտարարել է Ռուսաստանի Առաջին ալիքին և Associated Press գործակալությանը տված հարցազրույցում։

«Ես դա (Ռուսաստանի համաձայնությունը) չեմ բացառում։ Սակայն ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի միանգամայն սկզբունքային հանգամանքի վրա։ Համաձայն գործող միջազգային իրավունքի՝ սուվերեն պետության նկատմամբ զենքի կիրառման արտոնում կարող է տալ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Ցանկացած այլ պատճառներ, միջոցներ, որոնք կարդարացնեին ուժի կիրառումը անկախ և սուվերեն պետության նկատմամբ, անթույլատրելի են, և դրանք չեն կարող որակվել այլ կերպ, քան ագրեսիա»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Ընդ որում՝ նա նշել է, որ առայժմ չկան հստակ տվյալներ անգամ այն մասին, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել Սիրիայում, այդ իսկ պատճառով հարկ է ամեն բան մանրամասն հետաքննել։

«Մեզ կհամոզեն խնդրի առարկայական, խոր հետաքննությունն ու հենց ապացույցների առկայությունը, որոնք կլինեն ակնհայտ և որոնք ակնհայտ կապացուցեն, թե ով է կիրառել, և ինչ միջոցներ են կիրառել։ Դրանից հետո մենք պատրաստ կլինենք գործել ամենավճռական և լուրջ կերպով»,- հայտարարել է նա։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ եթե որևէ մեկն ունի տվյալներ, որ քիմիական զենք է կիրառվել, և որ այն կիրառվել է հենց կանոնավոր բանակի կողմից, այդ ապացույցները պետք է ներկայացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։

«Մենք չունենք տվյալներ առ այն, թե այդ քիմիական նյութերն ինչ են, առայժմ հայտնի չէ՝ դա քիմիական զե՞նք է, թե՞ ինչ-որ քիմիական թունավոր նյութեր, հենց սիրիական պաշտոնական, կառավարական բանա՞կն է դրանք կիրառել»,- հայտարարել է Պուտինը։

Պատասխանելով տեսանյութերի (որոնցում ցուցադրված են թունավորումից տուժած երեխաներ) մասին հարցին՝ նա նշել է, որ «դրանք սարսափելի կադրեր են»։

«Հարցը միայն այն է, թե ով և ինչ է արել, և ով է դրանում մեղավոր։ Այդ կադրերն ինքնին պատասխաններ չեն տալիս այն հարցերին, որոնք ես այժմ առաջ եմ քաշել։ Եվ կարծիք կա, որ դա կոմպիլյացիան է այն նույն զինյալների, որոնք, ինչպես մենք լավ գիտենք, և ԱՄՆ-ի վարչակազմը դա խոստովանում է, կապեր ունեն «Ալ Կաիդայի» հետ և որոնք միշտ տարբերվել են իրենց դաժանությամբ»,- ասել է ՌԴ նախագահը։ Նա նաև նշել է, որ « այստեղ այլ հարց է ծագում՝ եթե հաստատվի, որ զինյալներն են զանգվածային ոչնչացման միջոցներ կիրառում՝ ի՞նչ է անելու ԱՄՆ-ը զինյալների հետ»։

Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ և չի պատրաստվում ներքաշվել որևէ հակամարտության մեջ։