Ֆիննախը սկսել է մաքրել աուդիտորական դաշտը

Ֆինանսների նախարարության աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից արձանագրված խախտումների հիման վրա դադարեցվել է «ԷՆ-Աուդիտ» ընկերության աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը:

Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` ստուգման արդյունքներով բացահայտվել է, որ մի շարք ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում տրամադրված աուդիտորական եզրակացությունները կազմվել են առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու: Դադարեցվել է նաև ընկերության չորս աուդիտորների որակավորման վկայականների գործողությունը, որոնց կողմից կազմված և ստորագրված աուդիտորական եզրակացությունները ճանաչվել են ոչ հավաստի:

Մի շարք ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում տրամադրված աուդիտորական եզրակացությունները առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու համար հուլիսի կեսին դադարեցվել էր նաև մեկ այլ «Էկոնոմիկա-աուդիտ» ընկերության լիցենզիան։

Ներկայում Հայաստանում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ունի 32 ընկերություն: