Նախագահականի դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիներից 9-ի նկատմամբ վարչական բերում է իրականացվել

Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշման դեմ սեպտեմբերի 4-ին Բաղրամյան 26-ում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից 9-ի նկատմամբ վարչական բերում է իրականացվել: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Վարչական բերումն իրականացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով. հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը, որը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Ոստիկանությունում նշեցին, որ երբ արձանագրությունները կազմվեն, քաղաքացիներին ազատ կարձակեն: