Բրյուսելը բացատրություններ է ակնկալում Երևանից

Եվրամիությունը Հայաստանից բացատրություններ է ակնկալում Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման վերաբերյալ. ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, սեպտեմբերի 4-ին այսպիսի հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոսյանչիչը։

«Մենք հետագա բացատրություն ենք ակնկալում հայկական կողմից, այնուհետև կկարողանանք գնահատել հետևանքները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կոսյանչիչը Բրյուսելում։

Նա ասել է նաև, թե ԵՄ-ն խիստ հավատարիմ է «Արևելյան գործընկերության օրակարգին` սերտացնելու կապերն արևելյան հարևանների հետ, և հուսով է, որ նույնը գործընկերների դեպքում է»:

Կոսյանչիչի խոսքով` ԵՄ-ն ակնկալում է «ամբողջական հայտարարություն Հայաստանի` անկնկալ շրջադարձի կապակցությամբ»:

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը: