Առաջարկ, որը Սարգսյանը չէր կարող մերժել. Թոմաս դե Վաալ

Ամերիկյան «Կարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը «Առաջարկ, որը Սարգսյանը չէր կարող մերժել» վերնագրով հոդված է հրապարակել հիմնադրամի կայքում՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն անակնկալ միանալու որոշման մասին: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Հայտարարությունը բավական հանկարծ եղավ: Հայաստանի նախագահն ընդամենը պատրաստվում էր Մոսկվա կարճատև այցի:

Բոլորը գիտեին, որ օրակարգում միայն մեկ հարց կա՝ Եվրասիական միության նախագծին միանալու Վլադիմիր Պուտինի հրավերը: Օրվա վերջում հաստատվեց, որ դա առաջարկ էր, որից Սարգսյանը չէր կարող հրաժարվել: Նա հայտարարեց, որ Հայաստանը միանալու է Միությանը:

Հայտարարությունից հետո ես սկսեցի Ֆեյսբուքում հետևել հայերի դժգոհություններին ու ցասմանը, որոնք աղոթում էին, որ իրադարձություններն այլ կերպ զարգանային:

Հնարավո՞ր էր արդյոք դա: Հայաստանի ղեկավարության համար իսկապես երկար ու շոգ ամառ էր: Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովից առաջ ակտիվացել էր բանակցությունների տեմպը Եվրոպական Միության հետ: Հայերին ասվել էր, որ նրանք կարող են նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, և նաև, որ եթե նրանք ուզում են միանալ ԵՄ-ի Խորը և համապարփակ  ազատ առևտրի գոտուն, դա նրանց թույլ չի տա միանալ Մաքսային միությանը նախևառաջ մաքսային անհամատեղելիությունների պատճառով:

Ռուսաստանի արձագանքն այս ամենին ուղղակի էր: Նրանք տարածեցին լուրերը Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին մեծ քանակությամբ հարձակողական սպառազինություն վաճառելու մասին: Պուտինը բլից-այց կատարեց Բաքու՝ իր հետ տանելով տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների:

Հայաստանի պաշտոնյաներն ընդունում են, որ ամեն ինչ կապված էր անվտանգության հետ, որ իրենք չէին կարող իրենց միակ հզոր դաշնակցին օտարել, որը կարող էր մի ակնթարթում վտանգավոր դառնալ: Մոսկվայում Սարգսյանը հայտարարեց. «Ես նախկինում էլ շարունակ ասել եմ, որ երբ դու ռազմական անվտանգության համակարգի մաս ես կազմում, անհնար և անարդյունավետ է ինքդ քեզ մեկուսացնելը համապատասխան տնտեսական տարածությունից»:

Սարգսյանը նաև ընդգծեց, որ Մաքսային միությանը միանալու որոշումը չի նշանակում ԵՄ-ի հետ երկխոսության դադարեցում: Ներկայում արդեն պարզ է, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասերը դեռ կարող են համաձայնեցվել Վիլնյուսում, սակայն տնտեսական ինտեգրման նախագիծը, բնականաբար, ձախողված է:

Հայաստանի կառավարությունում ոմանք դժգոհում են, որ ԵՄ-ն իրենց մանևրելու տեղ չէր թողել, և ճիշտ է, որ բրյուսելյան բյուրոկրատիան ծանրաշարժ մեքենա է, որը լավ չէ դիվանագիտության մեջ: Սակայն սրան կարելի է նայել որպես մի քանի տարիներ դանդաղ ընթացող ավտոմեքենայի ավտոպատահարի: Թե՛ Սարգսյանի, թե՛ նրանից առաջ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմերը թույլ տվեցին Ռուսաստանի կողմից երկրի տնտեսության ձեռքբերումը, որը ռուսներին քաղաքական վերահսկողության հնարավորություն տվեց և թույլ չտվեց եվրոպական տիպի մրցակցություն: Երբ Սարգսյանը (անվստահ կերպով) սկսեց կրկին մտածել այս առաջարկի մասին, նա արդեն զրկված էր այլընտրանքի հնարավորությունից:

Ինչ վերաբերում է ռուսներին, նրանք այս խաղը շատ խելացի խաղացին: Իհարկե, հիմնական թիրախը Հայաստանը չէ, այլ Ուկրաինան: Այժմ ճնշումը Կիևի վրա էլ ավելի է մեծանում: