Հայաստանը չի դադարեցնում աշխատանքը Ասոցացման համաձայնագրի շուրջ. Հովհաննես Սահակյան

Մենք այսօր էլ ասում ենք, որ Մաքսային միությանը միանալու որոշմամբ չենք դադարեցնում աշխատանքը Ասոցացման համաձայնագրի շուրջ. ՍիվիլՆեթի հետ զրույցում նման հայտարարություն արեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:  

«Ո´չ ԵՄ երկրների և ո´չ էլ գործընկերների համար մեր այս որոշումը նորություն չպետք է լինի, քանի որ դեռ մի քանի ամիս առաջ հայտարարվել էր, որ մենք և-և քաղաքականության կողմնակիցն են»,- ասաց Սահակյանը՝ նշելով, թե «ինչ-որ նորություն, նոր տեղաշարժ, նոր լուսավորվածություն չի եղել»: Սահակյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել «ԵՄ-ի հետ համագործակցությունն այնքան սերտ, որքան պատրաստ է ԵՄ-ն»:

«Մենք ինքներս որպես և’ իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչներ, և’ քաղաքացիներ ասում ենք, որ մեզ համար նախևառաջ շատ կարևոր է տարածաշրջանում անվտանգությունը»,- ասաց նա՝  հավելելով, որ երբ նայում ենք նախկինում արած իրենց հայտարարություններին, ապա չի կարծում, թե սա նորություն է:

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը: