ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը սեպտեմբերի 5-ին երթ կանցկացնի

Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ միությունը,  որպես սեպտեմբերի 2-ի` ուսումնական տարվա առաջին օրվա բողոքի երթի շարունակություն, հանձն է առնում կատարել շարժման հաջորդ քայլը: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
 «ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նախաձեռնում է բողոքի երթ` ՀՀ նախագահի ուշադրությունը հրավիրելու բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ և բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության և դրանից բխող համալիր ծրագրի բացակայության վրա և պահանջելու չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում միասին ոտքի ելնել մեր իրավունքների պաշտպանության համար և վճռական բողոքի ձայն բարձրացնել այս և յուրաքանչյուր այլ անարդար որոշման դեմ:

Երթը մեկնարկելու է սեպտեմբերի 5-ին, ժամը 12.00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից` հետևյալ երթուղով` ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածք-Ալեք Մանուկյան փողոց-Նալբանդյան փողոց-Կորյուն փողոց-Աբովյան փողոց-Ուսանողական այգի-Տերյան փողոց-Կորյունի փողոց-Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց-Մարշալ Բաղրամյան պողոտա-նախագահի նստավայր»: