Մաքսային միությունը մեզ համար անիմաստ է. վարչապետի հարցազրույցը (ապրիլ, 2012)

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում անսպասելիորեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մասին: Ուշագրավ է, որ Հայաստանի մի շարք առանցքային պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետը, ավելի վաղ հանդես էին գալիս այդ միությանը միանալու դեմ: Ստորև ներկայացված է վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը ռուսական «Կոմերսանտ» թերթին, որը հրապարակվել է 2012թ. ապրիլի 4-ին:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ վարած բանակցությունից հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Կոմերսանտի» թղթակից Ելենա Չեռնենկոյին բացատրեց, թե ինչու Հայաստանը չի ձգտում դեպի ՌԴ-ի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը, բայց պատրաստ է քննարկել իր տարածքում ռուսական ռադիոլոկացիոն կայանի (ՌԼԿ) շինարարության հարցը:

– Ի՞նչ եք խոսել Սերգեյ Լավրովի հետ:

– Մենք «անցանք» հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ օրակարգով, բոլոր նախագծերով, որոնք համատեղ իրականացնում ենք այսօր: Քննարկեցինք այն հարցերը, որոնցով զբաղվում է միջկառավարական հանձնաժողովը` ատոմային էլեկտրակայանի նոր բլոկի շինարարությունը, Վերին Լարսի մաքսային անցակետի աշխատանքը, Հյուսիս-հարավ արագընթաց նոր ավտոմայրուղու շինարարությունը, համագործակցությունը ԵվրԱզԷՍ-ի և ԱՊՀ-ի շրջանակում, տարածաշրջանային խնդիրները, Իրանի և Սիրիայի իրադարձությունների զարգացումը, մի խոսքով, փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցերի ամբողջ շրջանակը:

– Դուք քննարկել եք նաև Լեռնային Ղարաբաղին առնչվող իրավիճակը: Նախագահ Դմիտրի Մեդվեդևը քիչ ջանք չի գործադրել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման համար: Նրա նախաձեռնությամբ տեղի է ունեցել 10 եռակողմ հանդիպում: Այնուհանդերձ, էական առաջընթացի հասնել չի հաջողվել: Ինչո՞ւ:

– Դա պայմանավորված է նրանով, թե ով ինչ արդյունք էր սպասում բանակցային գործընթացից: Նման կոնֆլիկտներն արագ չեն լուծվում: Նախ և առաջ անհրաժեշտ էր ձևակերպել բանակցային գործընթացի պլատֆորմը: Եվ այս իմաստով կա լուրջ առաջընթաց: Այդպիսի (եռակողմ) ձևաչափով հանդիպումները շատ օգտակար էին: Թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի և թե՛ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ իրականացվող ձևաչափերով ի հայտ եկավ հիմնախնդրի ավելի խոր ըմբռնում:

– Այդ իմաստով ի՞նչ եք ակնկալում Վլադիմիր Պուտինից:

– Կարծում եմ, որ 1994 թվականից, երբ ստորագրվեց կրակի դադարեցման համաձայնագիրը, սկիզբ առած երկխոսությունը պետք է շարունակվի: Համոզված եմ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը նոր թափ կհաղորդի բանակցային գործընթացին, որի համար բավական լուրջ հիմք է ստեղծվել:

– Վլադիմիր Պուտինն ասոցացվում է Սանկտ Պետերբուրգի հետ: Ձեզ նույնպես պիտերցի են անվանում (պրն. Սարգսյանը սովորել է Լենինգրադի Ն.Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսական ինստիտուտում, ներկայիս Սանկտ Պետերբուրգի տնտեսության և ֆինանսների պետհամալսարանում): Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

– Հպարտ եմ, որ յոթ տարի սովորել եմ Պետերբուրգում, որն իմ երկրորդ հարազատ քաղաքն է: Այնտեղ շատ բարեկամներ ունեմ: Նրանցից շատերն այսօր լրջորեն առաջ են գնացել: Նրանք զբաղվում են քաղաքականությամբ, բարձր պաշտոններ են զբաղեցնում: Սա վկայում է, որ մեր պիտերյան տնտեսագիտական դպրոցը շատ ուժեղ է:

– Խոսենք ավելի պակաս հաճելի բաներից: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Իրանում ծավալվող սցենարը, եթե այնտեղ ուժ գործադրվի:

– Չեմ կարծում, թե Իրանի իրադարձություններն անմիջական ազդեցություն կունենան Լեռնային Ղարաբաղի վրա: Ավելի շուտ դրանք կազդեն Հայաստանի տնտեսական և սոցիալական իրավիճակի վրա: Իրանը մեր երկու հարևաններից մեկն է, որի հետ ունենք քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններ: Ադրբեջանի և Թուրքիայի հետ ոչ մի հարաբերություն չունենք, մնում են Իրանը և Վրաստանը: Բնականաբար, Իրանում տեղի ունեցող իրադարձությունները շոշափում են նաև մեր շահերը:

Իրանի հանդեպ կիրառվող միջազգային արգելքները խոչընդոտում են այդ երկրի և Հայաստանի տնտեսական կապերը: Այդ լուրջ խոչընդոտներն, իհարկե, մեր շահերից չեն բխում: Դրանք սահմանափակում են մեր տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները, մեծացնում Հայաստանի աշխարհաքաղաքական ռիսկը, վնասում ներդրումային գրավչությունը:

– Իսկ դուք պատրաստվո՞ւմ եք, որպեսզի կարողանաք ապրել արտաքին աշխարհից կտրված, եթե Իրանը, ռմբահարման դեպքում, փակի իր սահմանը:

– Մենք հստակ ազգային դոկտրին ունենք, որը հրապարակային փաստաթուղթ է, և որտեղ մենք նկարագրում ենք բոլոր հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները: Ազգային անվտանգության տեսակետից մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների:

– Այսինքն, նման հնարավորությունը նույնպես քննարկվում է:

– Բոլոր ռիսկային սցենարները հաշվի են առնվում:

– Սերգեյ Լավրովը Երևանում ընդգծեց, որ հետխորհրդային տարածքի բոլոր ինտեգրացիոն նախագծերը Հայաստանի համար միշտ բաց են: Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը դառնալ ԵվրԱզԷՍ-ի լիիրավ անդամ, միանալ Մաքսային միությանը և նույնիսկ մտնել միասնական տնտեսական տարածք: Ինքներդ ձեր առջև ի՞նչ արգելք եք դնում:

– Թե՛ ԵվրԱզԷՍ-ի, թե՛ ԱՊՀ-ի շրջանակում մեր գործընկերների հետ ինտեգրացիոն կապերի տեսակետից մեզ համար որևէ արգելք չենք տեսնում: Մեր կենսական շահերից է բխում այն, որ այդ ինտեգրացիոն գործընթացները շարունակվեն, խորանան և ամրանան: Հայաստանն ԱՊՀ ամենաակտիվ անդամն է, և նույնիսկ ջանք է գործադրում ԵվրԱզԷՍ-ի զարգացման համար, չնայած սոսկ դիտորդ է (այդ կազմակերպությունում – «Ъ»):

Սակայն համաշխարհային պրակտիկայում նման օրինակ չկա, որպեսզի երկիրը, չունենալով ընդհանուր սահման, դառնա Մաքսային միության անդամ: Դա անիմաստ կլիներ: Մաքսային միության իմաստն այն է, որ ապրանքափոխանակությունը կատարվի առանց մաքսային զննության: Մեր դեպքում դա անհնար է, որովհետև մենք պետք է անցնենք հարևան պետության տարածքով և երկու անգամ հաղթահարենք մաքսազերծումը: Սա անիմաստ է դարձնում մաքսազերծումը տնտեսվարող սուբյեկտների համար հեշտացնելու ընթացակարգը: Դրա փոխարեն մենք միայն ու միայն կունենայինք մաքսատուրքի և հարկերի ավելացման հետ կապված խնդիրներ: Տնտեսական տեսակետից սա աննպատակահարմար է:

Մեր ռուսաստանյան գործընկերներն ըմբռնումով են վերաբերվում այս իրավիճակին: Մենք փորձում ենք առանց Մաքսային միության համագործակցելու ձևեր: Ըստ երևույթին արժե մտածել Հայաստանի համար մի ինչ-որ նոր պլատֆորմ կամ հատուկ կարգավիճակ սահմանելու մասին:

– Այս կազմակերպության շրջանակո՞ւմ, թե՞ մեկ այլ:

– Եթե Մաքսային միության կանոնները պարտադիր են դրա մասնակիցների համար, ապա գործընկեր երկրների համար պետք է առանձին ամրագրվեն վարքագծի կանոններ: Դա, ըստ երևույթին, պետք է մի ինչ-որ նոր բան լինի: Պետք է փնտրել համագործակցության այլ ձևեր: Մաքսային միությունը մեզ չի ընձեռում այնպիսի գործիքներ, որոնք շահավետ լինեին տնտեսվարող սուբյեկտների համար: Ուստի այն անիմաստ է դառնում:

– Օրերս պաշտոնապես հայտարարվեց, որ սկսվել է Հայաստանի և Եվրամիության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու բանակցությունը: Այն ի՞նչ կերպ կանդրադառնա ԱՊՀ շրջանակում ազատ առևտրի գոտի ստեղծելու նախաձեռնությանը Հայաստանի մասնակցության վրա: Օրինակ, Ուկրաինան ասում է, որ իր համար ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտին մի քայլ է ավելի սերտ ինտեգրման ճանապարհին:

– Մենք այդպես չենք ասում: Մեզ համար տնտեսական և քաղաքական շատ կարևոր հարց է տնտեսական նոր տարածքների իրացումը: Մեր աշխարհաքաղաքական պայմաններն այնպիսին են, որ մենք պետք է ընդլայնենք մեր տնտեսական տարածքը: Սա մեր տնտեսության գործունակության պայմաններից է: Մենք շահագրգռված ենք ԱՊՀ շրջանակում համագործակցությամբ, սակայն ուզում ենք, որ եվրոպական շուկան մեզ համար բաց լինի:

Որպեսզի ԵՄ-ի տնտեսությունը բացվի մեր առջև, մենք պետք է ներդնենք եվրոպական պահանջներին համապատասխանող որոշակի ստանդարտներ: Դրանք նախ և առաջ կապված են սննդամթերքի անվտանգության ապահովման հետ: Խոսքը վերաբերում է այս բնագավառի վերահսկմանը և վերստուգմանը: Մենք պետք է ունենանք լաբորատորիաներ, որոնք ի վիճակի կլինեն իրականացնել այս դաշտի մոնիթորինգը: Եվրոպական սպառողը պետք է վստահ լինի, որ Հայաստանի արտադրանքը համապատասխանում է անվտանգության և որակի եվրոպական չափորոշիչներին: Սա մեզանից կպահանջի լուրջ աշխատանք: Նորմատիվների մակարդակով այդ չափորոշիչների մշակման, ներդրման և իրացման համար կպահանջվի մոտ երեք տարի: Եվ այդ ժամանակ մեր առջև կբացվի նոր և մեծ մի շուկա:

– Եվս մեկ հարց ունեմ Հայաստանի և ԵՄ-ի գործակցության մասին: Wikileaks-ի փաստաթղթերից հետևում է, որ ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, որի անդամ է նաև Հայաստանը, միտված է հետխորհրդային տարածքում ՌԴ-ի ազդեցության թուլացմանը: Ինչո՞ւ է Երևանը` Մոսկվայի բարեկամն ու դաշնակիցը, մասնակցում հակառուսաստանյան ենթատեքստ ունեցող նախագծին:

– Ես համաձայն չեմ, որ ծրագիրն ուղղված է ՌԴ-ի դիրքերի թուլացմանը: Վերջին տարիների իրադարձությունները հակառակն են ապացուցում: Մենք համագործակցում ենք և՛ ՆԱՏՕ-ի, և՛ ԵՄ-ի հետ: Մեր (հանրապետական – «Ъ») կուսակցությունը դարձել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (Եվրախորհրդարանի խոշորագույն քաղաքական ուժի – «Ъ») դիտորդ-անդամ: Այս գործընթացներն ուղղված չեն երրորդ կողմի դեմ ճիշտ այնպես, ինչպես ՌԴ-ի հետ մեր ռազմավարական գործընկերային հարաբերություններն ուղղված չեն ԵՄ-ի դեմ:

Միջազգային համագործակցության մեր բոլոր ծրագրերը բաց են մեր գործընկերների համար: Հայաստանը փոքր երկիր է և չի կարող դիվանագիտություն «խաղալ»: Համագործակցության մեր բոլոր ծրագրերին, լինեն կապված ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի կամ Վրաստանի հետ, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը տեղյակ է և ըմբռնումով է վերաբերվում մեր արածին: Եթե այս հարցը դիտարկենք Երևանի դիրքերից, ապա ակնհայտ կդառնա, որ նկատի առնելով մեր աշխարհաքաղաքական իրավիճակը և հարևանների հետ ունեցած խնդիրները` մենք գործընկերային հարաբերությունների զարգացման մեծ ընտրություն չունենք: Սակայն մենք ոչ մի բան չենք թաքցնում մեր գործընկերներից, և սա է մեր ուժը:

– Վերջին հարցը նույնպես Ռուսաստանի հետ է կապված: Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը չկարողանան պայմանավորվել Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալության վերաբերյալ, ապա հնարավորություն կա՞, որ Հայաստանը համաձայնի համանման կայան կառուցել իր տարածքում:

– Ինչո՞ւ ոչ:

– Այսինքն, ամեն բան քննարկելի՞ է:

– Իհարկե: Եթե մեր տարածքն այդպիսի հետաքրքրություն է հարուցում, ապա մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը:

– Իսկ ինչ վերաբերում է ընդգրկմանը….

– Կարծում եմ, որ այդ հարցում կարող է առավելություն լինել, քանի որ Հայաստանը լեռնային երկիր է: Ընդգրկումը կարող է ավելի լայն լինել: