Անդամակցությունը Մաքսային միությանը կարող է հանգեցնել ներդրումների կրճատմանը և մենաշնորհների ուժեղացմանը․ Ավետիք Չալաբյան

«Անդամակցելով Մաքսային միությանը և հետագայում նրա հիման վրա ստեղծվող Եվրասիական միությանը՝ Հայաստանը զիջում է իր ինքնիշխանության լծակների զգալի մասը միության վերազգային կառույցներին»,- ասում է Չալաբյանը:

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը Ֆեյսբուքի իր էջում մի քանի հարցադրումներ է անում՝ կապված Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետ: Չալաբյանի գրառումը ներկայացված է ստորև:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՀՀ Նախագահը հայտարարեց Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրության մասին: Շրջադարձային այս հայտարարությունը արվել է առանց որևէ նախորդած ներքաղաքական քննարկման, և բազմաթիվ հարցեր է ծնում Հայաստանի քաղաքացիների մոտ, որոնց անունից և որոնց տրված սահմանադրական իրավասությամբ, ենթադրաբար, արվել է այս պատասխանատու հայտարարությունը

1. Անդամակցելով Մաքսային միությանը՝ Հայաստանը կպարտավորվի որդեգրել միության մաքսային քաղաքականությունը, որը կարող է հանգեցնել Հայաստանի ներկա առևտրային այլ գործընկերների հետ առևտրի և ներդրումների կրճատման, մեկ առևտրային գործընկերոջից անհամաչափ տնտեսական կախվածության, և Հայաստանի տարածքում բարձր մաքսատուրքերի կիրառման պայմաններում ներքին գների բարձրացման և մենաշնորհների ուժեղացման:

2. Անդամակցելով Մաքսային միությանը՝ Հայաստանը կկանգնի միջազգայնորեն չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ մաքսային սահման ունենալու անհրաժեշտության առջև՝ առավել ևս, եթե դա պահանջեն Մաքսային միության մյուս գործընկերները. և որպես հետևանք՝ ԼՂՀ մեկուսացման:

3. Անդամակցելով Մաքսային միությանը և հետագայում նրա հիման վրա ստեղծվող Եվրասիական միությանը՝ Հայաստանը զիջում է իր ինքնիշխանության լծակների զգալի մասը միության վերազգային կառույցներին, որոնց գործունեության թափանցիկությունը և արդյունվետությունը կասկածելի են և վերահսկելի չեն Հայաստանի կողմից:

 

Այս և բազմաթիվ այլ հարցեր պատասխաններ չեն ստացել, քանի որ երբևիցե բաց չեն քննարկվել: Գնալով այս քայլին՝ Հայաստանի իշխանությունը ակնհայտորեն առաջնորդվել է բազմաթիվ աշխարհաքաղաքական, ներքաղաքական և տնտեսական նկատառումներով, սակայն այդ նկատառումները քաղաքացիների համար պարզ չեն: Ավելին՝ պատրաստակամություն հայտնելով սահմանափակել Հայաստանի քաղաքացիների պայքարով նվաճված և սահմանադրորեն ամրագրված ինքնիշխանությունը՝ Հայաստանի իշխանությունը պարտավոր է բացատրել նրանց այդ շրջադարձային քայլի նպատակահարմարությունը, ներկայացնել հնարավոր այլընտրանքների նկատմամբ առավելությունները և վերջնական որոշումը ընդունել միայն համապետական հանրաքվեի միջոցով: