Եվրահանձնաժողովը` Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման մասին

Եվրահանձնաժողովի կայքում սեպտեմբերի 4-ին հրապարակվել է Եվրամիության պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման կապակցությամբ:

Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Այս տարվա հուլիսին` երեք ու կես տարի անց, մենք ավարտեցինք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի (ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտին, [ԽՀԱԱՊ-ՍիվիլՆեթ]) շուրջ բանակցությունները: Այդ համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա ԵՄ աջակցությամբ առաջ մղել համալիր արդիականացման ու բարեփոխումների ծրագիրը` հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրացիայի վրա: 

Մենք հաշվի կառնենք Մաքսային միությանը միանալու Հայաստանի ակնհայտ ցանկությունը: Մենք ակնկալում ենք ավելի լավ հասկանալ Հայաստանի մտադրություններն ու թե ինչպես են նրանք ցանկանում ապահովել դրանց և Ասոցացման ու ԽՀԱԱՊ համաձայնագրերով իրենց ստանձնած պարտավորությունների համատեղելիությունը: Այդ խորհրդակցությունների ավարտից հետո էլ մենք հետագա ընթացքի համար եզրահանգումներ կանենք: Մենք վերստին ցանկանում ենք ընդգծել, որ ԱՀ-ն [Ասոցացման համաձայնագիր-ՍիվիլՆեթ] և ԽՀԱԱՊ-ն բոլորի համար օգտակար բարեփոխումների հիմք են հանդիսանում, այլ ոչ զրոյական արդյունքով խաղ, և կարող են համատեղվել Անկախ պետությունների համագործակցության անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»: