Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է G20-ի գագաթաժողովը

Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 5-ին մեկնարկում է Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովը, հաղորդում է Euronews-ը։

G20-ը պաշտոնապես տնտեսական ֆորում է, թեև ոչ ոք չի թաքցնում, որ հանդիպումների ընթացքում գլխավոր թեման, այնուամենայնիվ, լինելու է Սիրիան։ Սա խոստովանում են և՛ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, և՛ ընդունող կողմը՝ ի դեմս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, և՛ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։

Մերձավոր Արևելքի ճգնաժամը, ինչպես նաև ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գործը, բավական սառեցրել են Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները և անգամ ազդել են արարողակարգի վրա։ Պետությունների ղեկավարներին նստեցնելու են ոչ թե ռուսերեն այբուբենի, այլ անգլերեն այբուբենի հերթականությամբ՝ այնպես, որ Պուտինին և Օբամային «բաժանի» միանգամից հինգ աթոռ։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների երկկողմ հանդիպում ծրագրված չէ։ Ինքը՝ Օբաման, ավելի վաղ հայտարարել էր, որ ընդհանուր քննարկումների շրջանակից դուրս չի հանդիպելու Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահն իր հերթին նշել էր, որ կցանկանար շփվել ամերիկացի պաշտոնակցի հետ, սակայն ոչ որպես քաղաքական գործչի, այլ որպես խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ։