Վարչապետը` Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի մասին

Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Համաշխարհային տնտեսական ֆորումի «Մրցունակության համաշխարհային զեկույց 2013-2014»-ին:

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը զեկույցում և կարևորեց հասկանալ, թե ինչ չափանիշներով է առաջընթաց արձանագրվել, որոնք են երկրի թույլ կողմերը և ինչ անելիքներ կան այդ ուղղությամբ:

Տիգրան Սարգսյանն առանձնացրեց այն հինգ ուշագրավ չափանիշները, որոնցով Հայաստանն առավելություններ ունի. դրանք են` նոր բիզնես սկսելու ընթացակարգերի քանակը, աշխատանքի ընդունման և ազատման գործելակերպը, ներդրումների պաշտպանությունը, պետական քաղաքականությունը և պետական կառավարման բեռը: Թերություններ արձանագրած ոլորտների շարքում վարչապետն առանձնացրեց տնտեսության արտահանման ուղղվածությունը չափող գործոնները, մաքսային գործընթացների բեռը, երկրում տաղանդների պահպանումը և կառավարման դպրոցների որակը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն էլ նիստին զեկույցից որոշ մանրամասներ ներկայացրեց, որոնք վերաբերում են տնտեսական մրցակցությանը:

Համաձայն ՀՏՖ-ի «Մրցունակության համաշխարհային զեկույց 2013-2014»-ի՝ Հայաստանը մրցունակությամբ 79-րդն է աշխարհի 148 երկրների մեջ։ Նախորդ տարվա համեմատ երկիրը դիրքերը բարելավել է 3 կետով։ Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանը դիրքերը բարելավել է 5 կետով զբաղեցնելով՝ 72-րդ տեղը, Ադրբեջանը՝ 7 կետով և զբաղեցրել 39-րդ հորիզոնականը։ Թուրքիան ցանկում 44-րդն է, Իրանը՝ 82-րդը, Ռուսաստանը՝ 64-րդը (բարելավումը՝ 3 կետ)։

Մեկնաբանել