Ֆորպոստի էվոլյուցիան

Երբ 1991-ի դեկտեմբերին ընդամենը երեք ամսվա անկախության պատմություն ունեցող Հայաստանը Ալմաթիում միացավ Անկախ պետություների համագործակցությանը (ԱՊՀ), հանրապետությունում գրեթե ոչ ոք չընդվզեց այդ որոշման դեմ: ԱՊՀ-ի ողնաշարը և շարժիչ ուժը Ռուսաստանն էր և է, չլինի այդ կառույցում Ռուսաստանը, չի լինի և ԱՊՀ-ն:

Երբ ամիսներ անց` 1992-ի մայիսին, Տաշքենդում Հայաստանը միացավ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրին (ԿԱՊ), հանրապետությունում գրեթե ոչ ոք կասկածի տակ չդրեց նախկին խորհրդային երկրներից կազմված ռազմական այդ կազմակերպությանը միանալու քայլի նպատակահարմարությունը: ԿԱՊ-ը, որի ողնաշարն ու շարժիչ ուժը Ռուսաստանն է, հետագայում վերանվանվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ):

Նույն տարվա օգոստոսին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայնություն տվեց, որպեսզի Հայաստանում տեղակայված խորհրդային յոթերորդ բանակի հենքով Գյումրիում ձևավորվի ռուսական 102-րդ ռազմակայանը: Այդ ժամանակ էլ ընդվզումչեմ հիշում: Ավելին, հայաստանցիներն ուրախ էին. չէ՞ որ ռուս զինվորը հայոց հողն ու հայ մարդուն պիտի պաշտպանի արյունառուշտ թուրքից:

Ապա Տեր-Պետրոսյանը համաձայնեց, որպեսզի հայ-թուրքական և հայ-իրանական սահմանը պաշտպանեն ռուս սահմանապահները: Դրա դեմ էլ ընդվզում չեղավ: Ավելին, իսկ է՞լ ով պիտի թուրքից պաշտպանի հայկական սուրբ հողը: Իհարկե՝ ռուսը:

Ես չեմ ուզում կասկածի տակ դնել Տեր-Պետրոսյանի դիվանագիտական ու քաղաքական հասունությունը: Տեր-Պետրոսյանը կարողացել էր արժանանալ Բորիս Ելցինի բարյացկամությանը, իսկ Վազգեն Սարգսյանը բարեկամական-ընկերական հարաբերություններ հաստատել Պավել Գրաչովի հետ, որից մեծապես օգտվեց Հայաստանը: Բայց փաստ է նաև, որ երբ դու միանում ես ԱՊՀ-ին ու ՀԱՊԿ-ին, քո տարածքը 25 տարով (հետո այն Սերժ Սարգսյանը երկարաձգեց ևս 49 տարով) տրամադրում Ռուսաստանի ռազմակայանին, քո սահմանների պաշտպանությունը վստահում ռուս սահմանապահին, դրանով սահմանափակում ես երկրիդ ինքիշխանությունն ու անկախությունը, սուվերեն որոշումներ կայացնելու հնարավորությունները:

Ապա տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանին կամ ռուսական կորպորացիաներին հանձնեց Հայաստանի բազմաթիվ ռազմավարական նշանակության օբյեկտներ:

Այսօր Սերժ Սարգսյանը Հայաստանը տանում է դեպի Ռուսաստանի հովանավորած Մաքսային միություն: Անկասկած, Մաքսային միությանը միանալով՝ Հայաստանը էլ ավելի է կորցնում իր ինքնիշխանությունը, բայց Հայաստանը ռուսական ֆորպոստ վերածելու հարցում միայն Սերժ Սարգսյանը չէ պատասխանատու:

Սերժ Սարգսյանը կարող էր ավելի արժանապատիվ կերպով Հայաստանը տանել դեպի Մաքսային միություն: Նրան թվում էր, թե հնարավոր է երկու աթոռի վրա նստել: Նրան թվում էր, թե հնարավոր է միաժամանակ շարժվել երկու հակառակ ուղղություններով` դեպի Ռուսաստան և դեպի Եվրոպա: Նա չարաչար սխալվեց, որի պատճառով Հայաստանը անվստահելի գործընկերոջ իմիջ ձեռք բերեց և՛ Ռուսաստանում, և՛ Եվրոպայում: Ահա առաջին հերթին սրա համար պիտի քննադատել Սերժ Սարգսյանին:

Իսկ եթե մենք՝ հայերս, Հայաստանը ուզում ենք դարձնել անկախ և ինքնիշխան պետություն բառի խորքային իմաստով, ապա դրան չենք կարող հասնել, քանի դեռ չենք լուծել Արցախյան խնդիրը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Բայց սա արդեն խոսակցության այլ թեմա է: