Թուրքիայի հետախուզական տվյալները մեղմացրել են Պուտինի դիրքորոշումը Սիրիայի հարցում. Milliyet

Սիրիայի դեմ պատերազմ սկսելու հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման մեջ որոշակի մեղմացում է նկատվում, ինչը կապված է Թուրքիայի տրամադրած հետախուզական տվյալների հետ, գրում է թուրքական Milliyet թերթը:

Վերջինիս հաղորդմամբ` սեպտեմբերի 5-6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված Մեծ քսանյակի գագաթաժաղովի նախօրեին ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայի վերաբերյալ հետախուզական տվյալներ են փոխանակել: Milliyet-ը վստահորեն պնդում է, որ Պուտինի սեպտեմբերի 4-ի հայտարարության հիմքում հենց Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության տվյալներ են: Այսպիսով, Milliyet-ն ակնարկում է, որ Թուրքիան հստակ տեղեկություններ ունի այն մասին, որ Սիրիայի ղեկավարությունը քիմիական զենք է օգտագործել: Պուտինը մասնավորապես հայտարարել է, թե քիմիական զենքի կիրառման հարցում Դամասկոսի մեղքն ապացուցվելու դեպքում ինքը չի բացառում Մոսկվայի համաձայնությունը Սիրիայում ռազմական գործողությանը, սակայն միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնման պայմաններում։

Սեպտեմբերի 5-ին և 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Մեծ քսանյակի երկրների ղեկավարների հանդիպումը: ԱՄՆ-ն պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը քիմիական զենք է օգտագործել և իր դաշնակիցների հետ ցանկանում է ռազմական գործողություններ սկսել Սիրիայում: Սանկտ Պետերբուրգում ակնկալվում է Էրդողանի հանդիպումը ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի նախագահների հետ: Թուրքիան վճռականորեն պաշտպանում է Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու ծրագիրը:

Մեկնաբանել