Շտեֆան Ֆյուլեն սեպտեմբերի 12-ին կժամանի Երևան

Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սեպտեմբերի 12-13-ին կժամանի Հայաստան: Այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին Հայաստանում Եվրամիության գրասենյակից:

Ֆյուլեն ժամանում է Հայաստան՝ մասնակցելու Արևելյան գործընկերության անդամ երկրների նախարարական 3-րդ ոչ պաշտոնական երկխոսությանը Երևանում:

Հանձնակատարը նախորդ այցը Հայաստան կատարել էր 2013թ. հուլիսին, որի ընթացքում հայտարարել էր, թե Հայաստանի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման շուրջ բանակցությունները մոտ են ավարտին, և նոյեմբերին ակնկալվում է դրա նախաստորագրումը: Հուլիսի վերջին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն պաշտոնապես հայտարարեցին Եվրամիության և Հայաստանի միջև կնքվելիք Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը:

Սեպտեմբերի 3-ին սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը: Ներկայում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հարցականի տակ է: