Թուրքիան զրահատեխնիկա է տեղափոխում սիրիական սահման

Թուրքիայի Հաթայ շրջանում տեղակայված զորաջոկատները և ռազմական տեխնիկան սեպտեմբերի 5-ի վաղ առավոտյան անվտանգության նպատակով տեղափոխվել են սիրիական սահման, հաղորդում է թուրքական Zaman օրաթերթը: Թե կոնկրետ ինչ զրահատեխնիկայի մասին է խոսքը կամ թե թուրք-սիրիական սահմանային որ շրջանում են դրանք տեղակայվելու, հայտնի չէ, գրում է թերթը:

Ներկայում ԱՄՆ-ն քննարկում է Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու ծրագիրը: ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին կողմ է քվեարկել Սիրիայում ռազմական միջամտություն  նախատեսող բանաձևին: Թուրքիան սիրիական դեպքերին արտաքին միջամտություն իրականացնելու ակտիվ կողմնակից է: Այդ մասին հայտարարել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Սիրիան զգուշացրել է, որ հնարավոր հարձակումը Սիրիայի վրա կարող է տարածաշրջանային պատերազմի առիթ դառնալ` ակնարկելով, որ այդ դեպքում կտուժի նաև Թուրքիան: Սակայն դա չի վախեցրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը նշել է, թե ամեն պահի երկիրը պատրաստ է պատերազմի:

Թուրքիայի բնակչության շրջանում աստիճանաբար աճում են հակապատերազմական տրամադրությունները, ինչին կարծես կառավարությունն ականջալուր չի լինում: