Կոմիտաս 5-ում իրավիճակը կրկին թեժ է

Կոմիտաս 5 հասցեում սեպտեմբերի 5-ի առավոտից իրավիճակը կրկին լարված է: Սեպտեմբերի 4-ին այստեղ վերսկսվել են շինարարական աշխատանքները՝ բնակելի շենք կառուցելու համար, և հարակից շենքերի բնակիչները կրկին փորձում են խոչըդոտել աշխատանքների իրականացմանը:

Ոստիկանները առավոտից շրջափակել են շինհրապարակը և բնակիչներին թույլ չեն տալիս մոտենալ: «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն ահազանգում է, որ Կոմիտաս 5-ում բախում է եղել բնակիչների և ոստիկանների միջև, և ոստիկանները գետնին են գցել մի տարեց կնոջ, որին շտապօգնությունը տեղափոխել է հիվանդանոց:

ՍիվիլՆեթի թղթակիցը Կոմիտաս 5-ից հայտնեց, որ այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, իսկ տարեց կինը հիվանդանոցից վերադարձել է տուն:

Կոմիտաս 5 հասցեի բնակիչները բողոքում են իրենց բակում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման դեմ, որը, ըստ քաղաքացիների, խանգարում է իրենց հանգստին, վնաս պատճառում բնակարաններին` առաջացնելով ճեղքվածքներ պատերի մեջ: Բնակիչների խոսքով՝ թեև նախագծով պետք է կառուցվի ցածրահարկ շենք, սակայն իրականում կառուցվելու է 12-հարկանի շինություն, որը կփակի մյուս շենքերի արևի լույսը: Շինաշխատանքները որոշակի ժամանակով դադարեցվել էին, սակայն սեպտեմբերի 4-ին կրկին վերսկսվել են:

Կոմիտաս 5-ի բնակիչների պայքարի մասին պատմող տեսանյութին և նյութին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել