ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Կոնգրեսին կոչ է անում չհարվածել Սիրիային

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, մտահոգված լինելով Սիրիայի հայ համայնքի և բոլոր քաղաքացիների անվտանգությամբ, սեպտեմբերի 4-ին նամակ է հղել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամներին` կոչ անելով դեմ քվեարկել Սիրիային ռազմական հարված հասցնելու բանաձևին, ասված է հանձնախմբի կայքում տեղադրված հաղորդագրությունում:

«Մինչ մեր երկրի ընտրյալ պաշտոնյաները քննում են սիրիական թիրախների դեմ ամերիկյան հավանական հարձակումների հնարավորությունները, կուզենք ամերիկահայության ձայնը ևս լսելի դարձնել՝ ասելով, թե կընդդիմանանք որևէ զինվորական գործողության և բռնարարքների սաստկացմանը նպաստող որևէ քայլի: Նման հարձակումները հավանաբար հավելյալ վնասներ պիտի պատճառեն Սիրիայի քրիստոնյաներին, այդ թվում` հայությանը»,- գրել է հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը ԱՄՆ օրենսդիրներին հասցեագրված նամակում:

Քեն Խաչիկյանը նամակում կոչ է արել նաև սատարել սիրիական ճգնաժամի դիվանագիտական լուծմանն ուղղված ջանքերին և ցավ հայտնել, որ չնայած Սիրիային մարդասիրական օժանդակության նպատակով տրամադրված նպատակով ծախսված հարյուրմիլիոնավոր դոլարներին, հնարավոր չի եղել ամերիկյան զգալի օժանդակություն ցուցաբերել սիրիահայությանը և քրիստոնյա այլ փոքրամասնություններին:
Քեն Խաչիկյանը հավելել է նաև, թե ԱՄՆ-ը զգալի օժանդակություն չի տրամադրել նաև Հայաստանի իշխանություններին, որպեսզի վերջիններս, իրենց հերթին, աջակցեն Հայաստան գաղթած սիրիահայերին:

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին կողմ է քվեարկել Սիրիայում ռազմական միջամտություն նախատեսող բանաձևին:

Մեկնաբանել