Շվեդիան բնակություն է առաջարկում սիրիացի բոլոր փախստականներին

Շվեդիան Եվրամիության առաջին երկիրն է, որը մշտական բնակություն է առաջարկում սիրիացի փախստականներին, հաղորդում է շվեդական TT լրատվական գործակալությունը։

Որոշումը վերաբերում է սիրիացի բոլոր այն ապաստան հայցողներին, որոնց Շվեդիայում ժամանակավոր կեցության իրավունք է տրամադրվել մարդասիրական պաշտպանության շրջանակում։ Այժմ նրանք կստանան ժամանակավոր բնակության թույլտվություն, հայտարարել է Շվեդիայի միգրացիոն ծառայությունը։

Նախկինում սիրիացի ապաստան հայցողների մոտ կեսին տրամադրվել էր ժամանակավոր կեցության իրավունք, իսկ մնացած կեսին՝ երեք տարվա բնակության թույլտվություն։

Որոշումը նշանակում է, որ Շվեդիայում ժամանակավոր կեցության իրավունք ունեցող մոտ 8 հազ․ սիրիացիներն այժմ կկարողանան այս երկրում մնալ մշտապես։

Նրանք նաև կունենան իրենց ընտանիքները Շվեդիա տեղափոխելու իրավունք։

Շվեդիայի սիրիական արաբական մշակութային ասոցիացիայի փոխնախագահ Մալեք Լաեսկերը ողջունել է այս որոշումը, սակայն նաև զգուշացրել է, որ այն կարող է խնդիրներ առաջացնել։

«Փաստը, որ Շվեդիան ձեռք մեկնած առաջին երկիրն է, և՛ դրական է, և՛ բացասական»,- ասել է նա TT-ի հետ զրույցում՝ բացատրելով, որ դա կարող է նպաստել թրաֆիքինգի աճող շուկային։

Նա նաև մտավախություն է հայտնել, որ այս քայլն էլ ավելի կբորբոքի Շվեդիյաի ներգաղթային քաղաքականության շուրջ արդեն իսկ բորբոքված բանավեճը։

«Շվեդիայում այս խնդրի շուրջ ճգնաժամ արդեն կա։ Ես հուսով եմ, որ մեր քաղաքական գործիչներն այն կլուծեն պատշաճ կերպով»,- ասել է նա։

2012թ․ և 2013թ․ Սիրիայից Շվեդիա է ժամանել ընդհանուր 14,700 ապաստան հայցող։ Շվեդիան, Գերմանիայի հետ միասին, Եվրամիության՝ պատերազմից ավերված երկրից ամենամեծ թվով ապաստան հայցողներ ընդունած երկիրն է։

Միգրացիոն ծառայությունն իր հայտարարության մեջ զգուշացրել է, որ այն ապաստան հայցողները, որոնք կարող են մեղավոր լինել ռազմական հանցագործություններում կամ մարդկության դեմ հանցագործություններում Սիրիայում իրենց գործողությունների համար, կկորցնեն փախստական կամ պաշտպանության կարիք ունեցող դասակարգվելու իրենց իրավունքը։

Մեկնաբանել