Ես այդպիսի բան չեմ ասել. Շավարշ Քոչարյան

Ես այդպիսի բան չեմ ասել, թե Հայաստանը, անդամակցելով Մաքսային միությանը, ամբողջապես կկորցնի իր սուվերենությունը. սեպտեմբերի 5-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ավելի վաղ իր տված իր հարցազրույցին, որում նշել էր, թե Մաքսային միությանն անդամակցության դեպքում Հայաստանը կկորցնի իր սուվերենությունը:

«Ես ասել եմ, որ Մաքսային միության անդամ դառնալը նշանակում է ինչ-որ աստիճանի, ինքնուրույն որոշումների, սուվերենության պակաս, դա ցանկացած մաքսային միությանն է վերաբերում: Դա կապված է մաքսային քաղաքականության, դրույքաչափերի հետ»,- ասաց Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով, թե այս դեպքում ստեղծվում է վերազգային մարմին, որը ինքն է որոշում սակագները:

Հարցին, թե Մաքսային միության երկրների հետ ընդհանուր սահման չունենալով ինչպես կարող է Հայաստանն անդամակցել դրան, փոխարտգործնախարարը պատասխանեց, թե այդ խնդիրն ի սկզբանե կար և Մաքսային միությանն անդամակցության ճանապարհին հիմնական խոչընդոտներից մեկն էր:

«Այս ընթացքում և՛ ռուսական կողմի, և՛ եվրասիական այդ հանձնաժողովի հետ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում գտնվել են այն լուծումները, որոնք շահեկան են դարձնում Հայաստանի համար Մաքսային միությանն անդամակցությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ դրա մասին շուտով հասարակությունը կունենա ամբողջական պատկերացում:

Անդրադառնալով տեսակետին, թե նախագահ Սերժ Սարգսյանը Մաքսային միությանը միանալու որոշումն ընդունել է Ռուսաստանի ճնշումների արդյունքում, Շավարշ Քոչարյանը չհամաձայնեց` նշելով, որ «ամեն ինչ հաշվարկների մեջ է»:

«Այս համակողմանի բանակցությունների արդյունքում վերջիվերջո ամեն ինչ դու ես կշռադատում և ընդհանուր առմամբ դա մեզ համար ձեռնտու է այս պահի համար»,- ասաց փոխարտգործնախարարը:

Սեպտեմբերի 3-ին սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը:

Լուսանկարը` PanArmenian.Photo-ի

Մեկնաբանել