Սեղմած գազի թանկացումը հիմնավորված է

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), ուսումնասիրելով հուլիսի 7-ից ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) գազի թանկացումը, եկել է այն եզրակցության, որ ձևավորված գները ադեկվատ են։ ՍիվիլՆեթին այսօր այսպիսի տեսակետ է հայտնել ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ վերջնական սպառողների համար գազի գնի բարձրացման հետևանքով սկզբնական շրջանում գնային որոշակի տատանումներ եղել են ԱԳԼՃԿ-ներում։ «Այս ոլորտում կան բազմաթիվ գազալցակայաններ, և գները գտնվում են հավասարակշռված մակարդակում։ Այսօր ձևավորված գներն ամբողջական համահունչ են վերջնական սպառողների համար գազի գնի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը»,- ասաց Շաբոյանը՝ հավելելով, թե այն գները, որ այսօր ձևավորվել են ԱԳԼՃԿ-ներում, հիմնավորված են։

Մեկնաբանելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հունիսի սկզբներին արված հայտարարությունը, թե խոշոր գազասպառողների համար գազի սակագնի 14%-ով բարձրացումը կբերի ԱԳԼՃԿ-ներում գների 5% բարձրացման, Շաբոյանը ասաց, որ երբ նշվել էր հնարավոր փոփոխությունը, հաշվի էր առնվել միայն գազի գործոնը, իսկ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության գործոնը հաշվի չէր առնվել։ «Երբ այս երկու գործոնները հաշվի ենք առնում, տեսնում ենք, որ փոփոխությունն ադեկվատ է»,- ասաց Շաբոյանը՝ հավելելով, թե գազալցակայաններում 1 խմ գազի գինը բարձրացել է միջինը Դ15-ով, որն ամբողջովին պայմանավորված է գազի գնի և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությամբ։

Խոշոր գազասպառողները (10 հազ. խմ և ավելի) հուլիսի 7-ից 1000 խմ համար սկսել են վճարել $276,98՝ նախկին $243,13-ի դիմաց։ Խոշոր գազասպառողների համար գազի սակագնի մոտ $34-ով կամ 14%-ով բարձրացումը, ինչպես և ակնկալվում էր, առաջին օրերին հանգեցրել էր ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) գազի սակագնի բարձրացման՝ 1 խմ-ի հաշվով նախկին Դ160-Դ165-ից մինչև Դ200-Դ205։

Մեկնաբանել